Առանց միջնորդների Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին Բաքվի առաջարկը շատ գայթակղիչ է։ Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Շատ գայթակղիչ առաջարկ է եւ՛ մեր, եւ՛ իրենց համար, որովհետեւ մենք պետք է կարողանանք խոսել մեկս մյուսի հետ։ Նույնիսկ եթե մենք այսօրվա իրողությունները ամրագրելու համար օգտագործենք հրադարարը չխախտելու պայմանավորվածություն, դա էլ է երաշխիք, բայց երաշխիքը պետք է ինչ-որ ուժեր կարողանան պահպանել։ Օրինակ՝ 2020 թվականի պատերազմի սկսվելը համանախագահող երկրի կողմից կար առաջարկ, նաեւ եռանախագահող երկրները համաձայն են մշտադիտարկման համակարգ տեղադրել Արցախ-Ադրբեջան, իսկ հետագայում նաեւ Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում, որպեսզի այդ խախտումները արձանագրվեն»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով անվտանգային հարցերին՝ Քոչարյանը չբացառեց, որ Ադրբեջանին օկուպացված մեր տարածքներից դուրս բերումը կարող է լինել մեր պետության ուժեղացմամբ, անվտանգային համակարգի ուժեղացմամբ․ «Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանի սահմաններում, ամեն օր պետք է արթնանալ ու կատարել այն խնդիրները, որոնք ուժեղացնում են մեր երկրի անվտանգությունը»։
Ըստ ՔՊ-ականի՝ ամեն ինչ պետք է միտված լինի վաղվան․ «Վաղը պետք է որոշվի՝ Ալիեւի ասածն ինչքանով հիմնավոր կլինի։ Մեր միասնական ուժն է ստիպելու հետ գնալ, մեր ուժի մեջ մենակ բանակը չէ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ բոլոր մակարդակներում Ալիեւին պատասխան կտրվի։
Քոչարյանը վստահեցրեց, որ մոտ ապագայում Ադրբեջանը դուրս կգա ՀՀ օկուպացված տարածքներից․ «Այո՛, նախ պետք է փորձել խաղաղ ճանապարհով»։











