Մենք պետք է խոստովանենք, որ մենք չգիտենք պետություն ունենալու, պետություն պահելու, պետություն զարգացնելու հետ կապված բազմաթիվ նրբություններ: Այս մասին նախօրեին Գավառում տեղի ունեցած ՔՊ նախաձեռնող նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մինչեւ հիմա մեզ մոտ հարց եւ բանավեճ կա՝ մեր պետական դրոշի հետ ոնց է պետք վարվել: Էլի ես հիշում եմ 2019 թվի պատմությունը, երեւի հիշում եք էդ պատմությունը դրոշի հետ կապված: Ու սա վերաբերում է մեր պետական մարմիններին, մինչեւ այսօր մենք դրոշի հետ հարաբերվելու ձեւը ոչ բոլոր տեղերում եւ ոչ միշտ գիտենք, մինչեւ հիմա մենք մեր պետական օրհներգը ներկայացնելու ձեւը չգիտենք: Գնում ես՝ մի տեղ հիմնը երկար ա, մի տեղ կարճ ա, մի տեղ բարձ ա, մի տեղ ցածր ա, բայց հիմնը մեկն է, ինքը պիտի բոլոր տեղերում հնչի նույն կերպ, ստանդարտ: Տեսեք ինչ պրիմիտիցվ բան է, ես հլը չեմ խոսում միջազգային եւ արտաքին հարաբերություններ մասին: Մենք պետք է արձանագրենք՝ մենք ոչինչ չգիտենք, մենք պետք է սովորենք պետություն ստեղծել, ունենալ ուժեղացնել, բայց դրա համար նախ պետք է հասկանանք՝ պետությունը ինչ է»,- ասաց նա:
Փաշինյանը ինքն իր տված հարցին պատասխանելով ասում է՝ պետությունը կարգ ու կանոն է. «Գեղարքունիքի մարզում Սեւան լճի հետ հարաբերվելը պետություն լինելու եւ չլինելու մեջ ա, սիգի հետ մեր հարաբերությունը պետություն լինելու եւ չլինելու մեջ է: Երբեք սիգի հետ որպես պետություն եւ քաղաքացի հարաբերվելու փորձ չենք ունեցել, սրա մասին է խոսքը:Սա առաջինը մեր պարտքն է, որպես կառավարող կուսակցություն եւ մենք պետք է առաջինը խիստ լինենք ինքներս մեր նկատմամբ, որովհետեւ կուսակցությունը առանց գաղափարական պատրաստվածության չի կարող առաջնորդել երկիրը: Մենք պետք է կարողանանք առաջնորդել երկիրը»,-ասաց նա՝ նշելով, որ այս հանդիպումների իմաստը սա է:











