Շատերը լքում են Տավուշի, այսպես կոչված, «անկլավային» գյուղերը, և այնտեղից արտագաղթի տեմպերն աճել են։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանը ցանկանում է վերցնել այդ տարածքները, ստեղծել ռազմականացված հենակետեր և վերահսկել Հայաստանում տրանսպորտային հաղորդակցությունները:
Նա վստահ է, որ դա կկործանի Հայաստանի ողջ հյուսիսային ճակատը, որտեղ 1990-ականներից ամրացման աշխատանքներ են տարվում:
«Միևնույն ժամանակ, Ադրբեջանը չի նշում, թե քանի քառակուսի կիլոմետր հայկական տարածք է գտնվում իր վերահսկողության տակ։ Բայց նույնիսկ դրանով խնդիրը չի լուծվի, քանի որ այն գյուղերը, որոնք Ադրբեջանը ցանկանում է ստանալ, Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն։ Ադրբեջանին այս գյուղեր անարգել մուտքի հնարավորություն տալը Հայաստանն անկլավի կվերածի: Սա է Բաքվի վերջնական նպատակը, և այս ծրագրի իրականացումը սկսվել է Արցախից։ Նպատակը Հայաստանը որպես պետություն լուծարելն է»,- նշեց պատգամավորը։
Նրա գնահատմամբ՝ Ալիեւը հաստատել է Հայաստանի նկատմամբ իր մաքսիմալիստական ձգտումները։
«Բանակցային սեղանին են Տավուշի մարզի գյուղերի հարցերը, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումը, ադրբեջանցիների Հայաստան վերաբնակեցումը, փոխհատուցումը։ Մենք զգուշացրել ենք այս բոլոր սպառնալիքների մասին և ասել, որ Ադրբեջանը դրանով կանգ չի առնելու»,- հավելեց Դանիելյանը։
Նա անհամաչափ է անվանել Փաշինյանի արձագանքներն Ալիևի հարձակումներին, ինչը, նրա գնահատմամբ, ոգևորում է Ադրբեջանի նախագահին։
«Ալիևի ո՞ր պահանջը Փաշինյանը դեռ չի կատարել։ Տեսեք, թե ինչպես են Հայաստանի իշխանություններն արձագանքում երկրի ներսում ընդդիմության ցույցերին և ինչպես են արձագանքում Ադրբեջանի հայտարարություններին։ Հայաստանում, այդ թվում՝ խորհրդարանում, իշխանությունները պատրաստ են ուժ կիրառել, իսկ Ադրբեջանի դեպքում մեզ տանում են հետագա զիջումների՝ «խաղաղություն» կոչվող գեղեցիկ փաթեթով»,- եզրափակեց պատգամավորը։











