Մեծ հաշվով մի քանի մոտեցում կա. Եթե ուզում ենք տարածաշրջանում խաղաղություն լինի, ենթակառուցվածքներ բացվեն, «խաղաղության խաչմերուկի» լինի, ուրեմն պետք է Ադրբեջանի կազմում Արցախն ինքնավար հանրապետություն ստեղծվի եւ արցախցիների կոլեկտիվ վերադարձի իրավունքն ապահովվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը:
«Սա մեկ ուղղությունն է, որի տեսլականը տարածաշրջանի երկրների էլիտաները չունեն: Երկրորդ տարբերակը պարզ է. Ալիեւը անընդհատ խոսում է ռեւանշից եւ դրանով ընդունում է, որ Արցախի հարցը փակված չէ: Այնպես չէ, որ դա կածված է մեզնից, որ մենք ռեւանշ ենք ուզում կամ չենք ուզում: Իրավիճակն այնպիսին է, որ տարածաշրջան մտել է Թուրքիան, եւ դա հակասում է ուրիշ տարածաշրջանային տերությունների շահերին: Բնականաբար, այդ տերությունները օգտագործելու են Արցախի հարցը Թուրքիային հետ շպրտելու համար:
Այս երկու սցենարն է, երրորդ սցենար չկա: Կամ ինքդ այս հարցը լուծում ես, որ ստորացված կողմ չլինի եւ բոլորի շահերը համընկնեն, կամ էլ պետք է պատրաստ լինես 1 տասնամյակ հետո այլ սցենարի»,-ասաց Խանումյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ հայկական կողմը այդ երկու տարբերակներից ոչ մեկն էլ չի քննարկում, Խանումյանն արձագանքեց. «Իսկ ի՞նչ է քննարկում հայկական կողմը: Մենք հենց սկզբից ասել ենք, որ այն, ինչի մասին իրենք խոսում են, դա չի կարող լինել: Այն, ինչ քննարկում են, եւ նաեւ Ադրբեջանի քայլերը եւս ցույց են տալիս, որ նրանք խաղաղության չեն պատրստվում, պատրաստվում են քեզ ընդհանրապես ոչնչացնել: Նման պարագայում այլընտրանքներ չկան, պետք է ուղղակի ուժեղ պետություն կառուցես, ուժեղ բանակ կառուցես, ինչը համառորեն չի ստացվում:
Մեր տարածաշրջանում պետություն ունենալը ենթադրում է համառ պայքար, համառ պետականաշինություն եւ առաջին հերթին բանակաշինություն»:











