Մենք խաղաղության պայմանագրին միշտ պետք է գնանք, մենք չենք կարող մեր օրակարգը փոխել ու վերադառնալ պատերազմի օրակարգին: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը:
«Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ընդունենք բոլոր այն պայմանները, որոնք մեզ առաջադրվել են: Դր համար էլ 3 տարի է՝ բանակցում ենք: Արդեն 6-7 ռաունդ ՀՅայաստանն ու Ադրբեջանն իրար են ուղարկում իրենց առաջարկությունները: Եթե այնպես լիներ, որ մենք համաձայնեինք ամեն ինչին, կամ մեզ համար ամեն ինչ լավ լիներ, ինչի՞ էինք մենք երեք տարի բանակցում»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք Ադրբեջանը նպատակն է բանակցությունները տանել փակուղի, նա պատասխանեց. «Ընթացքը ցույց կտա: Չեմ կարծում, որ գործընթացը փակուղում է, քանի դեռ կա բանակցելու, խոսելու, առաջարկներ փոխանակելու հնարավորություն:
Բայց ակնհայտորեն այն լավատեսությունը, որը կարող էր լինել, իմ մոտ, գոնե, չկա ու դա նաեւ Ալիևի հռետորաբանության փոփոխության արդյունքում է»:
Պապոյանի խոսքով՝ պետք է շարունակել աշխատել՝ պահելով «կարմիր գծերը»։
Խոսելով էսկալացիայի վտանգի մասին՝ պատգամավորն ասաց, որ Ադրբեջանից հնչող հայտարարությունները կարող են նոր ռազմական էսկալացիայի նախապատրաստություն լինել. «Մենք մեր միջազգային գործընկերների հետ ենք խոսում, տեղեկացնում ենք, որպեսզի իրենք էլ իրենց գործիքակազմով հակազդեն դրան: Երբեք պետք չէ թուլացնել զգոնությունը: Տարբեր ճակատներում աշխատանքը չպետք է իրար հակադրել: Այսինքն դիվանագետները միշտ պետք է աշխատեն, որովհետև եթե չաշխատեն, ապա թնդանոթներն անպայման ու ստիպված կկրակեն, բայց դա չի նշանակում, որ պետք չէ վառոդն ամեն օր չոր պահել»,- ասաց նա։











