Գյումրեցի Լեւոն Գասպարյանը 26-ամյա հոր եւ 70-ամյա տարեց հարեւանի հետ իր կնոջ եւ դստեր աչքի առաջ Բավրայի անցակետի մաքսատան աշխատակիցների կողմից ծեծի են ենթարկվել։ Այս մասին նա NEWS.am-ին պատմել է Լեւոն Գասպարյանը։

Լեւոնը պատմել է, որ հաճախ է Վրաստան մեկնում, այնտեղից մատչելի գնով ընտանիքի համար սնունդ ու հագուստ գնելու, վերջին անգամ 5 կիլոգրամ պնդուկ է բերել, սակայն մաքսատանը չեն թույլատրել անցկացնել, նշելով, որ դա ապօրինի ներմուծման փորձ է։

«Մաքսատան պետն ասում է՝ դու էս ամիս 2 անգամ եկել ես, ասացի՝ այո, 2 անգամ եկել եմ, մի անգամ գնացել եմ հյուր, հետս բերել եմ 5 կիլոգրամ  կաղին, մյուս անգամը բերել եմ պամպերս երեխեքիս համար, ասացի՝ եթե մայրդ կամ քույդ գա, 5 կիլոգրամ կոնֆետ լինի ձեռքում, էլի այդպես կասե՞ս, ասաց՝ արի դուս հլը»,- ասել է Լեւոն Գասպարյանը։

Գյումրեցի տղամարդու խոսքով՝ երկու տասնյակից ավելի աշխատակիցներ ոտքերով ու ձեռքերով հարվածել են իր գլխին․ «Ոտքով ձեռքով, մի հոգի չի եղել, որ պաշտպանի, հակառակը ընդհանուր էին ծեծում։ Գլխիս հատվածներում այնքան էին հարվածել, որ շտապ օգնություն եմ կանչել, ճնշումս 210 էր, կուզեին հիվանդանոց տանել, բայց հրաժարվեցի։ Մաքսատան բոլոր աշխատակիցները»։

Քաղաքացին պատմել է, որ ծեծի է ենթարկվել նաեւ իր՝ հաշմանդամություն ունեցող 65-ամյա հայրը, որը փորձել է օգնության հասնել որդուն, այնուհետեւ նաեւ նրանց հարեւանը․ «Որ ծեծում էին, ասում էին՝ կամեռաներն անջատեք, զապիս չլինի։ Եթե ես սխալ էի, թող կանչեին իրավապահ մարմիններին, ոչ թե դնեին ծեծեին։ Ես սենց անախրիա չեմ տեսել, սա ինչ էր, երանի պիտի տանք 2018-ին, որ Սերժ Սարգսյանն էր, ես էլի եմ գնացել եկել, սենց բան չեմ տեսել, ի՞նչ օրենքի երկիր, ծեծելով օրենքի երկի՞ր»։

Լեւոնը հաշմանդամության 3-րդ կարգ ունի, ասում է՝ տեսության հետ կապված խնդիրներ ունի, ծեծից հետո էլ այժմ գրեթե չի տեսնում։

Դեպքի առնչությամբ NEWS.am-ին պարզաբանում է տվել ՊԵԿ-ը, որում, մասնավորապես, նշվում է․

«Քաղաքացի Լ․Գասպարյանը պարբերաբար իրականացնում է սահմանահատումներ Բավրայի սահմանային անցակետով՝ իր հետ անձնական օգտագործման ապրանքների անվան տակ ներմուծելով կենցաղային տարբեր ապրանքներ։ Շատ հաճախ, վերջինս եւ ուղեկցող անձինք լինում են ոչ սթափ վիճակում՝ դրսեւորելով ոչ հարիր եւ ագրեսիվ վարքագիծ։ Նման վարքագիծ վերջիններս դրսեւորում են միտումնավոր՝ հայտարարագրման ենթակա ապրանքները քողարկելու նպատակով։ 15․01․2024թ․ վերոնշյալ քաղաքացին եւ ուղեկցող եւս 7 քաղաքացի՝ որոնցից 2-ը իգական սեռի, մուտք են գործել մաքսային հսկողության գոտի ոչ սթափ վիճակում՝ ոչ ադեկվատ եւ ագրեսիվ պահվածքով։ Տեւական ժամանակ այլ քաղաքացիների ներկայությամբ հնչեցրել են հայհոյանքներ, փորձեր են կատարել վնասել պետական գույքը, խաթարել են մաքսային կետի բնականոն աշխատանքը, չեն ենթարկվել մաքսային ծառայողի օրինական պահանջներին։  Նշված անձանց կարգի հրավիրելու եւ իրավիճակը վերահսկելի դարձնելու բազմաթիվ ապարդյուն փորձերից հետո՝ մաքսային ծառայողների կողմից մաքսային հսկողության գոտուց դուրս են հրավիրվել, որի ընթացքում նշված անձը ցուցաբերել է դիմադրություն: ՊԵԿ-ի կողմից ձեռնարկվել են համապատասխան քայլեր՝ ծառայողական քննությամբ դեպքի համակողմանի քննության նպատակով»:

NEWS.am-ին Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորություններն անցնելու հոդվածով։ Վարույթը քննչական ենթակայության կարգով փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե։