Եթե նայում ենք վիճակագրությունը տեսնում ենք, որ վերջին տարիներին բանակում խաղաղ պայմաններում մահացություն ավելացել է: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

«Ճիշտ է, եղել են դեպքեր, երբ մեկ զորամասում երկու դեպք մեկ օրում կարող էր լինել, բայց այսպիսի հաճախականությամբ, ինչպես հուլիսին տեղի ունեցավ, մի քանի օրվա տարբերությամբ կրկնվում էր, հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղի ունեցած հրդեհը, եւ վաղը լրանում է մեկ տարին: Այդ դեպքից հետո քեզ թվում է, որ զուտ մարդկայնորեն չես կարող դիմանալ, եւ ինչ-որ բան պետք է  տեղից շարժվեր, բայց ոչ մի բան տեղից չի շարժվում: Մենք չենք լսում հանրության առջեւ, ընտանիքների առջեւ բացատրություն, թե ինչու են իրենց որդիները սպանվում: Երբեւիցե չենք լսել Պապիկյանի ելույթները այդ կապակցությամբ, կամ ինչ են անելու, որ իրավիճակը շտկեն:

Ժամանակին նախարար Սեյրան Օհանյանը ամեն դեպքում գնում էր զորամաս, դեպքի վայր, իսկ հիմա ես նույնիսկ մեկ-մեկ կասկածում եմ, որ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է, որովհետեւ ինքը չկա, գոյություն չունի:

Երբ նախորդ տարվա հուլիսին տեսնում ես մահվան 10 դեպք մեկ ամսում, հասկանում ես, որ ոչինչ չեն անում: Մարդկային կյանքներն իրենց վրա չի ազդում, եթե ազդեր, չէր սկսի տարին նման դեպքերով»,-ասաց իրավապաշտպանը:

Նա հայտարարեց, որ բանակում մշտապես զինվորի նկատմամբ առկա է վատ վերաբերմունք, եւ Ազատ գյուղում գոմ հիշեցնոց կացարանում զինվորներին պահելը դրա վառ ապացույցն է: