Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի վագոն-տնակում է ապրում արցախցի Ծովինար Պողոսյանի 11 հոգանոց ընտանիքը։ Մանկահասակ երեխաներից ամենափոքրը 6 ամսական է, ծնվել է Արցախում՝ շրջափակման ժամանակ։
Ծովինար Պողոսյանը NEWS.am-ին պատմում է, որ ընտանիքը 2 անգամ է տեղահանվել․ 2020 թվականին՝ Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք գյուղից վերաբնակեցվել են Մարտունիում, իսկ 2023-ին Արցախի ամբողջական հայաթափումից հետո եկել են Հայաստան։ Ծովինարի ամուսինը՝ զինվորական էր, մասնագիտությամբ մանկավարժ Ծովինարն էլ հինգ երեխաներին խնամելուն զուգահեռ օգնում էր ամուսնուն. Մարտունիում իր տանը խմորեղեն էր պատրաստում ու վաճառում։
Տունը, աշխատանքը կորցրած ընտանիքն այժմ Հայաստանում ամեն ինչ նորից զրոյից սկսելու փորձ է անում։ 35-ամյա Ծովինարը Դավիթաշենում տարածք է գտել, որտեղ թխում ու տեղում վաճառում է մայրիկի բաղադրատոմսերով խմորեղենը․
«Մայրիկս միշտ զբաղվել է այս աշխատանքով։ Ես մանկուց դա տեսել եմ, անընդհատ փորձում էի իրեն օգնել, փոքրիկ խմորները ձեւավորում ու դնում էի վառարանի վրա, իբրեւ հաց եմ թխում։ Միշտ սիրել եմ այս աշխատանքը»։
Ընկերության անունը հուշում է Տիգրան Պետրոսյան փողոցում նորաբաց այս արտադրամասից արցախյան խմորեղենի բուրմունք է տարածվում։ «Այա». այսպես է Ծովինարը անվանել իր ընկերությունը․ ««Այան» խորհրդանշում է հենց Արցախի «Տատի պապիի» արձանը»։
Ծովինարը ամենամեծ ցանկության դեպքում անգամ այս գործը գլուխ չէր բերի, եթե չլիներ ընտանիքի եւ բարի մարդկանց աջակցությունը․ «Մտքումս հենց էս գործն էր առաջինը, որ ես իմ ձեռքի աշխատանքով աշխատեմ, բայց մտածում էի՝ բա երեխաները շատ փոքր են, սկեսուրս ասաց՝ դու ընդհանրապես մի մտածի, գնա, աշխատի, ես երեխաներին առանց որեւէ խնդրի կպահեմ։ Հետո սկսեցի տարածք փնտրել, գտա այս տարածքը, գին չկար, զանգեցի այս հեռախոսահամարով, տերն ասաց՝ որտեղից եք, ասացի՝ Արցախից, բա դուք նոր եք եկել, ասացի՝ այո, ասաց՝ եկեք, տեսեք, եթե տարածքը կհավանեք, նոր կխոսենք։ Ոչ մի կոսմետիկ նորոգում չկար, ոչինչ չկար, նա էլ ասաց՝ սա ձեզ անվճար տալիս եմ»։
Բացվելու մեկ ամիս անց արդեն Ծովինարը մշտական հաճախորդներն ունի․ «Տեսականին չենք հասցնում դնել, քանի որ պահանջարկը մեծ է, ինչ դնում ենք, տանում են»։
Տեսականին եւ արտադրության ծավալը մեծացնելու համար Ծովինարին համապատասխան տեխնիկա է անհրաժեշտ․ «Շատ պակաս բաներ ունենք։ Խմորը հունցելու միքսերը պիտի վերցնենք։ Դուխովկաների պակաս ունենք։ Կրեմի միքսերի պակաս կա»։
Հոգսաշատ առօրյայի ու զբաղված աշխատանքային օրվա դադարներում Ծովինարը մտքերով գնում է Արցախ, հիշում իրենց տունն ու կյանքը, որն այլեւս հիշողություն է։ Արցախից վերջին հիշողությունը մղձավանջն էր, մինչեւ բազմանդամ ընտանիքը կարողացան դուրս բերել Մարտունիից, ապա՝ նաեւ Արցախից․
«Մենք չգիտեինք, որ Մարտունին շրջափակված է, մեր դեմները մի 60 հոգի ադրբեջանցիներ կտրեցին, նույնիսկ մեզ նկարեցին։ Արդեն Հայաստան գալու ճանապարհն էր, չկար բենզին, մեկը մյուսին քաշելով գալիս էին, մեջը փոքր երեխաներ, երեխաները սոված էին, ռուսները մեզ համար քարերով կրակ սարքեցին, որի վրա հաց թխեցին, մեզ ռուսական շտապ օգնությամբ անցակետի մոտից տարան։
Հոգուս խորքում մտածում եմ, որ մենք հետ ենք գնալու։ Հավատում եմ, ես չեմ հարմարվում, ես գիտեմ, թե եկել եմ, 2 օրից հետ կգնամ»։
Նշենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը սկսել է հատուկ նախագիծ՝ արցախցի գործարարներին աջակցելու նպատակով։ Առանձին հոդվածներով ներկայացնելու ենք Արցախից բռնի տեղահանված մեր այն հայրենակիցներին, որոնք Հայաստանում հաստատվելուց հետո սկսել են զբաղվել ձեռներեցությամբ։
Կանդրադառնանք նաեւ այն գործարարներին, որոնք Արցախում հաջողված բիզնես կամ արտադրություն են ունեցել, եւ այժմ գործընկերներ կամ ներդրումներ են փնտրում՝ բիզնեսը Հայաստանում ծավալելու համար։
Հոդվածաշարի նպատակն է օգնել արցախցի գործարարներին՝ մեծացնել իրենց բիզնեսի մասին տեղեկացվածությունը եւ դիրքավորվել հայաստանյան շուկայում։
Սիրելի արցախցի գործարարներ, եթե ցանկանում եք պատմել ձեր մեծ կամ փոքր բիզնեսի մասին, խնդրում ենք դիմել NEWS.am խմբագրություն հետեւյալ կոնտակտային հասցեներով՝ +37477 26 64 13, +37499 20 32 12 կամ գրել մեր էլեկտրոնային փոստին՝ mailto:editor@news.am։











