Նոյեմբերի 2-ի առավոտյան Դարպաս գյուղում կատարված ահասարսուռ սպանության հետ կապված, NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Դարպաս համայնքի ղեկավար Սամվել Ավետյանի հետ, ով պատմել է Աբրահամյանների ընտանիքի մասին: Հիշեցնենք, որ այդ ընտանիքում որդին սպանել էր հորը` 60-ամյա Վահան Աբրահամյանին եւ կնոջը` 29-ամյա Արմենուհի Շիրինյանին:
Գյուղապետի խոսքով, թեեւ ընտանիքը միշտ հաշտ ու համերաշխ էր, սակայն վերջին 15 օրերի ընթացքում վեճերը հաճախակի բնույթ էին կրում, իսկ վիճաբանությունները հիմնականում խանդի հողի վրա էին: Գյուղապետի փոխանցմամբ, մեկ օր առաջ եւս նրանց բնակարանում վիճաբանություն է եղել, ոստիկանությունից եկել են, ստորագրություն վերցրել, որ էլ կնոջը չի անհանգստացնելու, սակայն խոսակցությունների համաձայն ողջ գիշեր Մարտին Աբրահամյանը արթուն է մնացել, առավոտյան ժամը 7-ի սահմաններում կոշկակարության համար նախատեսված դանակով սպանել է սկզբում կնոջը, ապա իջել տնակ, որտեղ քնած է եղել հայրը, նրան եւս սպանել ու դիմել փախուստի:
Հարեւանների պատմելով տղան ունեցել է նաեւ հոգեկան խնդիրներ, ինչը գյուղապետի փոխանցմամբ, արտահայտիչ չի եղել: Այս առիթով զրուցեցինք Լոռիի մարզի հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն, մարզի գլխավոր հոգեբույժ Գայանե Քալանթարյանի հետ, ով տեղեկացրեց, որ Մարտին Աբրահամյան անուն ազգանունով հիվանդ իրենք չունեն, եւ երբեք էլ չեն ունեցել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռիի մարզի Դարպաս գյուղում, ժամը 7-ի սահմաններում դաժան սպանություն է տեղի ունեցել. որդին սպանել է հորը` 60-ամյա հորն ու 29-ամյա կնոջը: Կասկածյալը` 34-ամյա Մարտին Աբրահամյանը դիմել է փախուստի:
Ոստիկանության փոխանցմամբ. նոյեմբերի 2-ին, ժամը 07.40-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում` շնչափողի կտրած վերքով եւ ճակատի վերքերով, Դարբաս գյուղից Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 60-ամյա Վահան Աբրահամյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 07.00-ի սահմաններում, 34-ամյա Մարտուն Աբրահամյանը գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, տանը, գրպանի դանակով, սպանել է 29-ամյա կնոջը` Արմենուհի Շիրինյանին, այնուհետեւ, նույն հասցեում գտնվող տնակում, նույն դանակով հարվածներ է հասցրել իր հորը` Վահան Աբրահամյանին, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ Մարտուն Աբրահամյանին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:











