Եթե Արցախի ղեկավարությունը եւ Արցախի պաշտպաները, զինվորները այսօր գտնվում են գերության մեջ, ուրեմն Արցախը գերության մեջ է, ուրեմն արցախահայությունը գերության մեջ է, ուրեմն հայ ժողովուրդը գերության մեջ է: Այս մասին պատարագից հետո իր քարոզում ասաց Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսը, որն այժմ ծառայություն է իրականացնում Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում:
«Մենք ինչ քայլեր ենք անում, որպեսզի մեր գերեվարված տղաներին հետ բերենք եւ խոսում ենք հավատքից: Սիրելի հայորդիներ, ինչպես գիտեք 301 թվականին, քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն Հայաստանում: Այո, 1723 տարվա պատմություն ունի հայ ժողովուրդը, Հայաստանը եւ մեր հավատքը, իսկ այսօր մենք դավ ենք կազմակերպում եկեղեցու դեմ: Սա՞ է մեր հավատքը:
Էլ ինչ քրիստոնյան, եթե մենք քրիստոյա ենք ու հարձակվում ենք եկեղեցու վրա, քարկոծում ենք եկեղեցին, դա՞ է մեր հավատը: Եւ այսօր էլ չար մարդիկ համախմբվում են, որպեսզի մոտակա օրերը գնան ու քարկոծեն հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգեւոր հայրերին, առաջնորդին եւ եկեղեցուն»,-ասաց նա:
Տեր Հովհաննեսը նշում է, որ հավատն առանց գործի ունայն է. «Եթե տեսնում եք չար մարդկանց, ովքեր հալածում են եկեղեցին, միթե դրանք հայրեն են, միթե դրանք քրիստոնյաներ են: Այսօր ժողովուրդը չի համախմբվում հավատքի շուրջ: Հայ ժողովրդին հատաքն է պահել մինչեւ այսօր, եկեղեցին է պահել մինչեւ այսօր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրհնությունն է պահել մինեչւ այսօր, Սուրբ խաչն է պահել մինչեւ այսօր: Իսկ այսօր մենք եկեղեցուն դեմ ենք, եկեք չխաբենք մեզ, մեր սերնդին, մեր երեխաներին, որ մենք քրիստոնյաենք, հայ ենք, եկեք գործով ապացուցենք, այն ժամանակ ես կհավատամ, որ մեր հավատքը զորեղ է»:
Ավելի վաղ Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում, Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ձեռամբ անցկացվել է Բանակի օրվան նվիրված կիրակնօրյա սուրբ պատարագ, որին հաջորդել է համատեղ աղոթք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատության ու վերադարձի համար։
Աղոթքից հետո մասնակիցների կողմից ծաղկեպսակ է տեղադրվել հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը հավերժացնող հուշապատին:











