Օմբուդսմենի ներկայացուցիչները չեն այցելել «էկոնոմիկայի նախարարության» գործով ձերբակալվածներին եւ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը։

Լրագրողների հետ զրույցում  օմբուդսմեն Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ բողոքներ ձերբակալվածներից չեն եղել, այցելություններ՝ նույնպես։ Որեւէ տվյալ ձերբակալվածների մասին օմբուդսմենը հրաժարվել է հայտնել՝  դա բացատրելով նրանով, որ լիազորված չէ տալ նման տեսակի տեղեկություն։ Նշենք, որ հարցը կապված է այն բանի հետ, որ ձերբակալվածների թվում կան մայրեր, որոնց տներում մնացել են մանկահասակ երեխաներ։

Օմբուդսմենն այս առնչությամբ միայն կրկնել է ձերբակալության տեսքով խափանման միջոցի չափազանց հաճախ կիրառման տեսակետը։ Հարցն այն մասին, որ նման գործելակերպը վերջին տարիներին սկսել է կիրառվել կանանց հանդեպ, իսկ նախկինում վերաբերմունքը ջենթլմենական էր, օմբուդսմենը մեկնաբանել է՝ առաջարկելով  կենտրոնանալ իրավական հիմքերի վրա, այլ ոչ թե գենդերային հարցի։

Մանասյանը, այնուամենայնիվ, տեղեկացրել է, որ պատրաստվում են գրավոր հարցապնդումներ նշված գործով։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել քրեական վարույթի մասին, ըստ որի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի եւ աշխատակիցների դրդմամբ եւ օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:

Նշված գործողությունների արդյունքում խախտվել են մրցույթի մասնակից հիմնադրամի իրավունքներն ու օրինական շահերը, էական վնաս է պատճառվել պետությանը։ Երեկ ԱԱԾ-ն ձերբակալել է 6 անձի:

Մյուս քրեական գործը վերաբերում է ինտենսիվ այգիների ստեղծման պետական աջակցության ծրագրին մասնակցության մեքենայություններին։ Այդ գործի շրջանակում կալանավորվել է էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան։