Կառավարող «Քաղպայմանագիր» խմբակցության ներսում լարվածություն է առաջանում, նրա անդամների մի մասը հասկանում է, որ առաջարկվող սահմանադրական հանրաքվեն հայոց անկախ պետականության վերացման մասին է, եւ նրանք, ամենայն հավանականությամբ, պատրաստ չեն նման պատասխանատվություն վերցնել, մենք նման ազդանշաններ ստանում ենք։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նրա խոսքով՝ նպատակն այն է, որպեսզի իշխանություններին թույլ չտրվի հաղթահարել Սահմանադրության փոփոխության փուլերից ոչ մեկը։ Նա հիշեցրել է, որ սկզբում հանրաքվեի անցկացման որոշումը պետք է ընդունվի խորհրդարանում, դրանից հետո Սահմանադրական դատարանը պետք է եզրակացություն տա առաջարկվող փոփոխությունների սահմանադրականության մասին, իսկ հետո հանրաքվեի ժամանակ պետք է քվեարկի ընտրողների ընդհանուր թվի ¼-ը։
Չալաբյանը հայտնել է մտադրության մասին, որպեսզի իշխանություններին թույլ չտրվի ճնշում գործադրել ՍԴ դատավորների վրա եւ խանգարել այդ օրակարգի հարկադրմանը։ «Քանի որ կառավարող կուսակցությունը մեկ ձայնի պակաս ունի՝ անհրաժեշտ 72 մանդատը հավաքելու համար, նա փորձելու է ազդել այլ, այդ թվում անկախ պատգամավորների վրա։ Մենք պետք է համոզենք կառավարող կուսակցության 2-3 պատգամավորի «կողմ» չքվեարկել եւ թույլ չտալ իրականացնել Սահմանադրության փոփոխություն։ Մենք համոզված ենք, որ նման հնարավորություն կա»,- ընդգծել է նա։
«Հայաքվեի» անդամ Մենուա Սողոմոնյանն, իր հերթին, վստահ է, որ Հայաստանում սկսվել է գործընթաց, որը դեռ երեք տարի առաջ ազդարարվել էր Ադրբեջանի նախագահ Ալիեւի կողմից, եւ այն այժմ իրականացնում է երկրում կառավարող կուսակցության ղեկավարը։ Նա հիշեցրել է, որ խոսքը 72 պատգամավորի մասին է։ «Մենք չպետք է թույլ տանք դա։ Մենք ունենք խորհրդարանում մթնոլորտի վրա ազդելու փորձ։ Երբ մեր նախորդ նախագիծը մտցվեց խորհրդարանի լիագումար նիստ, քվեարկությանը չմասնակցեցին կառավարող խմբակցության բոլոր պատգամավորները։ Քվեարկեց 56 պատգամավոր, որոնցից եկուսը՝ ձեռնպահ, իսկ մեկը՝ «կողմ»։ Այս անգամ պետք է անել նույնը՝ թույլ չտալ մասնակցել կառավարող խմբակցության բոլոր պատգամավորներին»,- նշել է նա։
Նրա գնահատմամբ՝ իշխանությունները փորձում են իրականացնել «թուրքաքվե», դա չի կարելի թույլ տալ, չի կարելի թույլ տալ, որ Հայաստանում ընդունվի ալիեւյան սահմանադրություն։
Ավետիք Չալաբյանը վստահ է, որ «Հայաքվեի» նախորդ նախաձեռնությունը չի ձախողվել՝ ավելացնելով, որ այն նախագիծը օրգանապես կապված է ներկա նախաձեռնության հետ։ «Իշխանությունները, վախենալով նաեւ նրանից, որ ապագայում նրանց կարող է սպառնալ քրեական պատիժ Լեռնային Ղարաբաղը մեկ այլ պետության մաս ճանաչելու համար, որոշել են լրիվ փոխել Անկախության հռչակագիրը»,- նշել է նա։











