Բոլորը հավասար են օրենքի առջեւ, եւ սեռային պատկանելությունը մեղմացուցիչ հանգամանք չի համարվում։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ մեկնաբանելով խորհրդարանի խոսնակի եղբոր կնոջ ձերբակալությունը։
Նա հավաստիացրել է, որ չկա ամենուրեք որպես խափանման միջոց ձերբակալության կիրառման միտում։
Նրա գնահատմամբ, եթե արարքը համապատասխանում է քրեակատարողական օրենսգրքի պահանջներին եւ դատարանը իրավաչափ է համարում ձերբակալությունը, ապա, անկախ հանցագործության բնույթից կամ սեռից, խափանման նման միջոցի կիրառումը հնարավոր է։
«Երկրում ակտիվորեն կիրառվում են նաեւ խափանման այլընտրանքային միջոցներ, ասենք՝ տնային կալանքի եւ վարչական վերահսկման ձեւով»,- ասել է Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը փետրվարի 1-ին որոշում էր կայացրել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գեւորգյանին ձերբակալելու մասին։ Մինչ այդ էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալվել էր 7 մարդ, այդ թվում Անի Իսպիրյանը, որն այդ օրն ազատվել էր էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։ Իրավապահները հետաքննում են երկու գործ տենդերների անցկացման մեքենայությունների հետ կապված։











