Խտրական մոտեցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի (ՀՀ երկրորդ նախագահի որդու- խմբ.) հանդեպ չկա։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ մեկնաբանելով Լեւոն Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը բողոքի ակցիայից հետո, երբ հինգ ոստիկան նրան ծեծի էին ենթարկել։

«Եթե նա (Լեւոն Քոչարյանը- խմբ.) կարծում է, որ տեսանյութերով, որոնց մասին խոսում է, հիմնավորվում է այլ բան, ապա իրավական ընթացակարգերի շրջանակում դա կարելի է ներկայացնել։ Եթե կան փաստարկներ, ապա դրանք կարելի է ներկայացնել դատական կարգով»,- նշել է պաշտոնյան։

Նա խոստովանել է, որ քաղաքացիների հետ ոստիկանների շփման մասով կան տարբեր խնդիրներ։

«Մենք այս առնչությամբ վերապատրաստման դասընթացներ ենք անցկացնում, բայց առայժմ այնպիսի արդյունքի չենք հասել, որպեսզի նման խնդիրները բացառվեն»,- ընդգծել է Սարգսյանը։

Նա լրագրողներին կոչ է արել աջակցել, որպեսզի երկրում այնպիսի ոստիկաններ լինեն, որոնք տեղավորվում են կատարյալի շրջանակում։

«Դրա համար լրագրողները պետք է օբյեկտիվություն ցուցաբերեն»,-ամփոփել է փոխնախարարը։