Օրերս Նիկոլ Փաշինյանը մի հարցազրույց էր տվել, որի վերաբեյալ բուռն քննարկում ծավալվեց՝ լեգիտիմ նպատակ, կարմիր շոր, ցլեր. Եկեք շարունակենք Փաշինյանի փիլիսոփայությունն ու տրամաբանությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Մի օր էլ մեզ կասեն՝ ինչո՞ւ եք խրոխտ կանգնել ձեր հողում, կզեք, կզեք ու կզած ապրեք, տեսնում եք թրեր ու զենքեր են թռչում։ Այդպես ավելի հեշտ ա։
Հետո կասեն այդ ի՞նչ զենք է կողքիդ ամրացված պաշտպանվելու համար։ Հանի։ Առհասարակ այդ գոտին էլ հանի, որ երբևէ զենք չկարողանաս կրել ինքդ քեզ պաշտպանելու համար: Հետո էլ ասելու են՝ այդ ի՞նչ խաչ է վզիդ, հանի, հանի, այդպես ավելի հեշտ է լինելու ապրելդ։
Հետո էլ ասելու են՝ դու մի հիշի, որ պատմություն ունես, հզոր ես եղել, թագավորական հարստություններ ես ունեցել։ Մոռացիր։ Դրանք քեզ պետք չեն։ Այդպես ավելի հեշտ կապրես։
Հետո մի պահ էլ կասեն՝ այդ ի՞նչ լեզվով ես խոսում։ Պարզ չի՞, որ ուրիշ լեզվով խոսես, ավելի հեշտ ես ապրելու։ Թարգիր էլի։
Հետո էլ ասելու են՝ ինչո՞ւ ես երեխայիդ մայրիկիդ, հայրիկիդ անունով անվանակոչում, անունը դիր Զեյնաբ, Էլչին, տենց ավելի հեշտ կապեն։
Հետո էլ կասեն՝ ինչո՞ւ երբ տեսնում եք անառակությունը, երեխայի աչքերը փակում եք, բաց, բաց թող անառակությունները տեսնի, սովորի։
Հետո ինչ որ պահի կասեն՝ այդ կարմիր շորերը հանեցիր, լավ է, բայց մի հատ էլ կարմիր ֆես դիր գլխիդ, այդպես ավելի հեշտ կապրես։
Հետո էլ ասելու են՝ լսիր, մինչև ձեզ գնդակահարում ենք, հոգիներս դուրս է գալիս, մի հատ պրիցելի նշան ճակատիդ տատուիրովկա արա, վզիդ էլ մի գիծ, որ յաթաղանով գլուխդ կտրելուց, ավելի հեշտ լինի։
Սա է Փաշինյանի փիլիսոփայության շարունակությունը։ Շատ պարզ ու հստակ։
Ինչ էր ասում՝ պետական ազգ, պետական ժողովուրդ։ Իմ ժողովուրդը երկու պետություն է ունեցել մինչև ձեր գալը։ Մեր ժողովուրդը պետական ժողովուրդ է, ձերը՝ չգիտեմ»,- հայտարարեց Մամիջանյանը:











