Սա ունիկալ դեպք է համաշխարհային պատմության մեջ, երբ երկրի ղեկավարը փաստացի պատերազմ է հայտարարում երկրի հիմքերին, երկրի ձեւավորմանը: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցի ժամանակ նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրություն ընդունելու, Անկախության հռչակագրին հղում անելուց հրաժարվելու իշխանության նախաձեռնությանը:

«Մյուս կողմից, սա իրականում մանիպուլյացիոն գործիք է, ինքը նորից հասարակությանը կբաժանի կողմերի եւ դեմերի, կհագցնի իրար, մարդիկ կզբաղվեն դրանով: Ընդ որում, ինքը կարող է վիզ էլ չդնի, որ նոր Սահմանադրությունն անցնի: Պատկերացրեք՝ չանցնի դա: Ցանկացած պարագայում սպասվում է Ադրբեջանի հարձակում, ինքը այդ հարձակումը կկապի դրա հետ, կասի՝ ժողովուրդ, տեսա՞ք, դուք մերժեցիք, դրա համար Ադրբեջանը հարձակվեց: Ես ուզում էի փրկել, ընդամենը մի կետ չփոխելու համար Սյունիքը ձեռքից գնաց:

Նա փոխանակ զբաղվի երկրի պաշտպանության հարցերը լուծելով, զբաղված է ցանկացած իրավիճակ վերջում հօգուտ իրեն մեկնաբանելու գործով:

Հայաստանն այսօր կանգնած է գլոբալ մարտահրավերների առաջ. Ամեն րոպե ադրբեջանական բանակը կարող է հարձակվել, հիմա դու դևրա դեմը պետք է առնես երկրի սահմանները պաշտպանելու համար: Պետք է ամբողջ ռեսուրսներն ուղղես նոր մոդելի բանակ կառուցելու վրա: Քանի որ իրենք դրանով չեն զբաղվում, ինչ-որ գործընթաց են սկսում հասարակության մեջ, որ մարդիկ չնկատեն, թե ինչպես են ադրբեջանցիք առաջ գալիս»,-ասաց քաղաքական վերլուծաբանը: