Ադրբեջանցիներն ամբողջ աշխարհի առաջ սուտ են խոսում. Ալիեւը խոսք տվեց, թե գնալու է Գրենադա, խաբեց, ասաց՝ գնալու է Բրյուսել, խաբեց, հետո կանգնեց, ասեց՝ եկեք գնանք Մոսկվա, այնտեղ կնքենք խաղաղության պայմանագիր: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը՝ հավելելով, որ պետք է ստախոսի հետ էլ ստախոսի պես խոսես:

«Բայց չէ՞ որ մենք ունենք Ռուսաստանի հետ համաձայնություն, նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որով ՌԴ-ն հանդիսանում էր Արցախի ժողովրդի խաղաղության, անվտանգության երաշխավորը, ի՞նչ կատարվեց: Նույնիսկ մեր ձեռքին որոշ տարածքներ կային, որոնք մենք լքեցինք, տվեցինք առանց մի փամփուշտ կրկելու, որովհետեւ հավատացինք մեր դաշնակից ՌԴ խոսքերին, որ իրենք անվտանգության երաշխավորն են լինելու Արցախում: Եվ ի՞նչ ունեցանք, ունեցանք Արցախի կորուստը: Մենք հիմա նորից կարո՞ղ ենք ՌԴ-ին վստահել մեր անվտանգությունը կամ «Զանգեզուրի միջանցքը»: Իհարկե չենք կարող: Եթե մենք նորից Մոսկվայում ենք կնքում խաղաղության պայմանագիր, ի՞նչ երաշխիք ունենք, որ մեր անվտանգությունը չի լինի այնպես, ինչպես եղավ Արցախինը»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, նախնական տվյալներով՝ հայկական կողմը հաղորդել էր 4 զոհի և վիրավորների մասին։ Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։

Զոհվածներն են՝

Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.),

Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.),

Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.),

Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։