Ադրբեջանը շարունակում է սպառնալից հռետորաբանությունը նաեւ մեր բանակի բարեփոխումների եւ Հայաստանի կողմից սպառազինություն ու տեխնիկա ձեռք բերելու կապակցությամբ: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց ինչպես ասել եմ՝ սույն թվականի հունվարի 28-ին, ուժեղ եւ մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է: Սա որեւէ մեկը չի կարող ժխտել: Հայաստանը ճանաչում է հարեւան բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը եւ սեփական տարածքից դուրս նպատակներ չունի: Սա մեր երկարաժամկետ ռազմավարությունն է, որովհետեւ կարծում եմ՝ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար կարեւորագույն բաղադրիչ է լեգիտիմությունը: Հայաստանը պաշտպանության ոլորտում ունի միայն լեգիտիմ նպատակներ. Այն է՝ միջազգայնորեն ճանաչված իր տարածքների պաշտպանությունը: Նման նպատակ ունենալու մեջ որեւէ երկիր որեւէ այլ երկրի երբեւէ չի կարող մեղադրել»,-ասաց նա:
Փաշինյանը կրկին Հայաստանի հավատարմությունը հայտնեց խաղաղության օրակարգին եւ վերահաստատեց պայմանավորված սկզբունքների շրջանակներում լուծումների գնալու, այսինքն խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանազատում եւ սահմանագծում իրականացնելու պատրաստակամությունը:
«Բացի վերը նշվածից պետք է ընդգծեմ տարածաշրջանային կոմունիկացիաները երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքով բացելու մեր պատրաստակամությունը, որն արտահայտված է «խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ: Համոզված եմ, որ այս նախագծի իրագործումը մեր տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական զարգացմանը նոր խթան կտա»,- հայտարարեց Փաշինյանը:











