Այսօրվա իշխանությունները որդեգրել են մի քաղաքականություն, եթե դու իշխանության մեջ ես, դու պետք է մաքուր լինես: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով Վահան Քերոբյանի հրաժարականին:

«Եթե քեզ հետ, քո անվան հետ ինչ-որ բան է կապվում, ուրեմն դու պետք է հեռանաս: Նախկին իշխանությունների ժամանակ, Լեւոն Տեր-Պետրոսյանից սկսած, ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չէր դատվում կամ չէր հեռացվում աշխատանքից: Այսօր մենք դատի տակ ունենք երեք նախարար, 9 փոխնախարար, 30-ից ավելի վարչության պետեր, դատավորներ եւ այլն: Այսինքն մենք համակարգային ձեւով կոռուպցիան հանում ենք: Դա չի նշանակում, որ երկրում կոռուպցիա չկա: Շատ վատ է, որ մեր ժողովրդի մենթալիտետից կոռուպցիոն համակարգը դուրս չի գալիս, մեր առաջընթացին շատ է խանգարում մեր ժողովրդի մտածելակերպը»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ փաստորեն իրեն հարկադրե՞լ են հրաժարական տալ, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես չգիտեմ, բայց որ պարոն Քերոբյանը հրաժարական է տվել, ուրեմն գտել է, որ այդպես ճիշտ է, որովհետեւ մնալ այդ պոստին այդ բոլոր աղմկահարույց հարցերից հետո..., անձամբ ես էլ հրաժարական կտայի»:

Հիշեցմանը, որ նույն գործով անցնում է նաեւ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը, այդ դեպքում ինչու ՔՊ-ն չի պահանջում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հրաժարականը, Հակոբ Ասլանյանն ասաց. «Մի բան է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը, որը դեռ պետք է պարզվի՝ ինչն ինչոց է, մեկ այլ բան է, որ դու նախարար ես ու քո ենթականերն են, դու ամբողջությամբ պատասխանատու ես: Իսկ Ալեն Սիմոնյանն այնքան էլ պատասխանատու չէ իր եղբոր կնոջ համար»:

Ինչ վերաբերում է նրան, որ դեռեւս Վահան Քերոբյանի մեղքն ապացուցված չէ, Հակոբ Ասլանյանն ասաց. «Դա Քերոբյանը կարող է հստակ ասել՝ ապացուցված է, թե ոչ: Կամ ինքն ինչ է զգացել: Ես գտնում եմ, որ եթե իմ անվան հետ էլ այդպես կապնվեր, ինքս էլ հրաժարական կտայի:

Ընդհանրապես, ես կարծում եմ, որ հեղափոխությունից հետո հին կադրերի առնվազն 70 տոկոսը պետք է փոխվեր բոլոր ոլորտներում, եւ պետք է բերվեին մարդիկ, որոնք նախորդների նման չէին հասցրել փչանալ»:

Դիտարկմանը, թե գործողների մեջ «փչացածներ» չկա՞ն, նա արձագանքեց. «Եթե օրենքը կհայտնաբերի, թող նրանց էլ նստացնի»: