Հայաստանի արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները, երբ վերադառնում են Հայաստան եւ մասնավորապես Գեղարքունիքի մարզի մեր բնակիչները, պետք է նկատած լինեն, որ Գեղարքունիքի մարզի այն վիճակում չեն, ինչ վիճակում էին մի ժամանակ: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դժգոհություններին, որ կառավարությունը որոշել է հարկել «խոպանչիներին»:
«2018-ից մինչեւ այսօր Գեղարքունիքի մարզում 452 կմ ճանապարհ է կառուցվել՝ միայն պետական ծրագրերով։
Արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները հաշվե՞լ են, թե էս ճանապարհների կառուցման արդյունքում իրենք ինչքան պակաս գումար են տալիս ավտոտեխսպասարկման համար, ինչքան պակաս ավտոպահեստամաս են ձեռք բերում և այլն և այսպես շարունակ»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա թվարկեց սուբվենցիոն ծրագրով Մարտունի համայնքում կատարված բոլոր աշխատանքները՝ հիվանդանոցներ, մանկապարտեզներ եւ այլն: «Լրիվ կարդա՞մ, թե՞ չկարդամ, որ կարդամ՝ նիստը կավարտվի, որովհետև 148 ծրագիր է, որ ավարտված է»,- նշեց վարչապետը։
Ըստ նրա՝ Մարտունիում բոլոր ծառայություններից օգտվում են նաև արտագնա աշխատանքի մեկնողների ընտանիքի անդամները։
«Կներեք, ոչ մի տրամաբանություն չկա, որ մեկն ասում է՝ չեմ ուզում հարկ վճարել, չի լինելու այդպես, մենք՝ բոլորս պետք է հարկ վճարենք, այլ բան, որ հարկային համակարգը պետք է լինի արդարացի:
«Ընդհանուր առմամբ, Գեղարքունիքի մարզում 76 մլրդ 986 մլն դրամի (189 մլն դոլարի ներդրումներ են կատարվել սուբվենցիոն ծրագրերով եւ պետական բյուջեի միջոցներով»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ օրերս Գեղարքունիքի մարզի բնկիչները փակել էին Երեւան-Մարտունի ճանապարհը՝ բողոքելով, որ արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին ծանուցումներ են եկել, որ պետք է եկամտային հարկ վճարեն:
Ավելի ուշ ՊԵԿ-ը հայտարարեց, որ այդ օրենսդրական կարգավորման շուրջ քննարկումներ են սկսում, իսկ մինչ այդ արտագնա աշխատանքի մեկնած անձինք չեն հարկվի:











