Բոլոր գործողությունները պետք է լինեն հայելային և պահանջ ներկայացնելը ճիշտ հռետորաբանություն չէ, առավել ևս՝ մի քանի օրից մենք հանդիպումներ ունենք։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը կատարելո՞ւ է բոլոր պահանջները, որոնց մասին Ալիևը հայտարարում է։

«Ժամանակին, երբ բանակցություններ էին տեղի ունենում, Ալիևը մշտապես կրակում էր մեր զինվորների վրա՝ փորձելով ճնշումներ գործադրել։ Եկեք այն փորձերը, որ ինքը մեր երկրում օրակարգ թելադրի, թույլ չտանք, որ իրականություն դառնա:

Ալիևը շրջանառության մեջ դրեց միջանցք տերմինը, մենք հետո շատ դժվարությամբ հանեցինք  այդ խոսույթը։ Հիմա էլ ասում են՝ դե որ չեք ուզում, միջանցքը Իրանով կանցկացնենք: Տեսեք՝ ոնց են խաղում: Խնդրում եմ, որպես ՀՀ քաղաքացի մի մտեք այդ պոլեմիկայի, այդ տրամաբանության մեջ, որը նա փորձում է ներդնել հայկական իրականության մեջ: Հայաստանը, երբ որոշի, որ իր Սահմանադրության մեջ բան պետք է փոխվի, այն ժամանակ կփոխի»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Ա. Սիմոնյանն ասաց, որ պատրաստ են Ադրբեջանի հետ քննարկել բոլոր խնդիրների լուծումը, քննարկում են այդ հարցերը, չեն տեսնում հարցեր, որոնք կտրուկ իրենց համար անքննարկելի են։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ  Հայաստանի միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է։