ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Թուրքիայի խորհրդարանի նախագահի հայտարարությունը, թե Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խաղաղ ապրելուց բացի ուրիշ շանս չունի, միտում ունի ազդեց հայ-ադրբեջանական բանակցությունների վրա:
«Եթե այդ հայտարարության մեջ հռետորաբանությունը մի կողմ դնենք, բովանդակության առումով, բոլոր երկրներն էլ պետք է իրար հետ խաղաղ ապրեն, եւ ես դեմ չեմ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն։ Եթե որևիցե մեկն այլ տարբերակ կառաջարկի, ես պատրաստ չեմ նույնիսկ լսել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։
Նա նշեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններում առաջընթաց կա. «Եթե հանդիպում են, ուրեմն՝ կա»,- ասաց Սիմոնյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ շատ հարցերում էլ հետընթաց կա։
«Բանակցություններում շատ հաճախ լինում է, որ իրենց հետ ինչ-որ բան համաձայնեցնում ենք, գնում ենք, թղթի վրա նայում ենք, տեսնում ենք՝ էդ մասը փոխած է: Բայց դա չի նշանակում, որ մենք բանակցությունը պետք է չշարունակենք եւ լուծումներ չգտնենք»,-ասաց նա:
Հիշեցնենք՝ փետրվարի 28-29-ը Բեռլինում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։











