Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքների ընթացքում եղել են որոշակի հոդվածներ, որոնք ընթացքում համաձայնեցված են եղել, բայց հետագա խմբագրումներում Ադրբեջանը հետ է կանգնել համաձայնությունից։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Մենք շարունակաբար պնդել ենք, որ համաձայնեցված հոդվածների շուրջ համաձայնությունները պետք է պահպանվեն»,- ասաց նա։

Ըստ Խանդանյանի՝ շատ կարևոր է, որ փաստաթղթի շուրջ բանակցությունները տեղի ունենան ոչ թե օնլայն ռեժիմով, այլ՝ բուն բանակցությունների ընթացքում։

Խանդանյանի գնահատմամբ՝ բացահայտում չէ, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ․ «Մեր բանակցությունների ամբողջ իմաստն էլ այն է, որ լարվածությունը նվազեցվի ու բանակցային համագործակցության որոշակի շրջանակ ձևավորվի, որից հետո հնարավոր կլինի տարածաշրջանում կայունություն հաստատել»։

Սարգիս Խանդանյանը նշեց, որ բանակցություններում առաջընթաց չգրանցելն անընդհատ մտավախություն է առաջ բերում, որ հնարավոր է լարվածության աճ․ «Բայց ես ուրախ եմ, որ այս պահին վերսկսվել են բանակցությունները»։

Նրա խոսքով՝ տրամաբանությունն այն է, որ եթե կան բանակցություններ, ապա պետք է լարվածությունը նվազի և որոշակի կայություն ձևավորվի։