Դուք երեւի մոռացել եք, որ 2020 թվին եղել է 44-օրյա պատերազմ, դրանից հետո խաղաղապահ զորքեր են մտցվել Արցախի տարածք, դրանից հետո որոշակի ռուսական կոնտինգենտ շարժեր են ունեցել Սյունիքի մարզում, որպեսզի անվտանգային հարցեր լուծեն։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ Ներքին Հանդում ռուս սահմանապահներ են կանգնած, որոնք, որի վերաբերյալ, ըստ վարչապետի ոչ պայմանագիր կա, ոչ մանդատ:

«Իրավիճակով պայմանավորված՝ այո, այդպես է եղել, բայց հիմա ուսումնասիրություն է իրականացվում, որպեսզի բոլոր իրավական խնդիրներին պատասխան տրվի. ով ինչ մանդատ ունի և որտեղ։

«Նրանք Ռուսաստանի սահմանապահ զորքերի ներկայացուցիչներ են: 2021-ին իրավիճակով պայմանավորված իրենք տեղակայվել են այդտեղ զուտ անվտանգային խնդիրներ լուծելու համար: Դա այն ժամանակ պետք է եղել: Նաև Գորիսում է տեղակայում եղել, որը պետք է ապահովեր Արցախի խաղաղապահ զորքի անվտանգությունը»,- նշեց ՔՊ-ական պատգամավորը։

Պատգամավորի խոսքով՝ ուսումնասիրությունները կկատարվեն ՊՆ-ի, ԱԱԾ-ի և ԱԳՆ-ի հետ համատեղ։ «Կուսումնասիրվեն բոլոր իրավական խնդիրները. ով ինչ պարտավորություն ունի և որտեղ կարող է լինել, և որտեղ է ավարտվում այդ ամենը»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե Ռուսաստանի սահմանապահ զորքերը Ներքին Հանդում ի՞նչ մանդատով են կանգնած, ասել էր, որ ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունեն։