Տնտեսության դիվերսիֆիկացումը այն իրավիճակը չէ, երբ քո մեկ խոշոր առեւտրային գործընկերը փոխարինվում է մեկ այլով, այլ այն, երբ դու ունես մի քանի խոշոր առեւտրային գործընկերներ եւ բազմաթիվ փոքր առեւտրային գործընկերներ: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գեւորգ Պապոյանը:
«Տնտեսության դիվեիսիֆիկացումը մի գործընթաց է, որի արդյունքում Հայաստանը համաչափ կախված է լինում աշխարհից, եւ աշխարհի երկրներն էլ իրենց չափով համաչափ կախված են լինում Հայաստանից: Սա փոխադարձ գործընթաց է»,-ասաց նա:
Հարցին, թե լոգիստիկ առումով Հայաստանը պատրա՞ստ է Ռուսաստանին այլընտրանքներ գտնելու համար, նախարարը պատասխանեց. «Դուք գիտեք, որ Հայաստանի սահմանների մեծ մասը փակ է եւ դա իհարկե, օբյեկտիվ շատ մեծ խոչընդոտ է: Բայց մենք սա համարում ենք ընդամենը դժվար մարտահրավեր ու չենք սահմանափակում մեզ դրանով: Ամենօրյա աշխատանքով մեր թիմը որոնելու է եւ փորձելու է գտնել նոր ուղիներ Հայաստանի տնտեսության զարգացման համար:
Մենք բոլոր ուղղություններով պետք է ավելացնենք մեր առեւտրաշրջանառությունը»:











