Մեր ժողովրդի դեմ տեղեկատվական ահաբեկչություն է իրականացվում։ Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, Արմավիրում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Ձեզնից յուրաքանչյուրը, ձեր հարևաններից յուրաքանչյուրը, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի այս տեղեկատվական տեռորի տակ է։
Այս տեղեկատվական տեռորը սպասարկվում է Հայաստանի իշխանությունների կողմից և սպասարկվում է առանձին արտաքին ուժերի՝ մեր թշնամիների կողմից։ Եվ այս պայմաններում ես համաձայն եմ ձեզ հետ, որ մեր քաղաքացիներից շատերի համար շատ դժվար է կողմնորոշվել այս ամբողջ տեղեկատվական հոսքերի մեջ, թե որն է իրականությունը, ինչն է ճիշտ այս ամբողջ տեղեկատվական քաոսի մեջ»,- նկատել է պատգամավորը։
Ըստ նրա, պատգամավորները որքան էլ հարցազրույց տան, ինչքան էլ խոսեն Ազգային ժողովի ամբիոնից, միջազգային ցանկացած հարթակից, շատ կարևոր է քաղաքացիների օգնությունը և նրանց մասնակցությունն այս գործում։
«Շատ կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրը պարզ, մարդկային լեզվով բացատրի իր մերձավորին, ընկերոջը, հարազատին, ով հայտնվել է այս տեղեկատվական տեռորի անմիջական ռմբակոծության տակ, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը համարի իր պարտքը, պարտավորությունը բացատրելու, թե ինչպիսի տեղեկատվական տեռորի մեջ են նրանք հայտնվել։
Եվ իմ խնդրանքն է ձեզ, քաղաքացիների հետ հանդիպելիս միշտ շեշտում եմ սրա կարևորությունը. այն շփումները, բացատրական աշխատանքը, որ դուք կատարում եք տեղում, համայնքներում, ձեր հարևանների, ազգականների, հարազատների հետ, անհամեմատելի է մեր աշխատանքի հետ, որը մենք իրականացնում ենք տարբեր ամբիոններից, տարբեր հարցազրույցների ժամանակ: Այս մասով կրկին ասում եմ՝ իմ խնդրանքն է՝ օգնեք մեզ, որպեսզի մենք էլ կարողանանք մեր քաղաքացիներին բացատրել, թե այսօր ինչ վիճակում է հայտնվել մեր երկիրը և ինչ նոր սպառնալիքների առաջ կկանգնի, եթե այս իշխանությունները չհեռացվեն»,- հավելել է պատգամավորը։











