Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները մտահոգ են հայկական 4 գյուղերը հանձնելու վերաբերյալ Ադրբեջանի սպառնալից պահանջից հետո: Բնակիչները անորոշության մեջ են, չգիտեն, թե ինչ է սպասվում իրենց: Սահմանամերձ Բաղանիսի եւ Ոսկեպարի բնակիչները իրենց մտահոգություններով են կիսվել  NEWS.am-ի հետ:

Խոսքը գնում է հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշի հատվածում գտնվող նախկինում ադրբեջանաբնակ Բաղանիս Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի գյուղերի մասին է, որոնք Ադրբեջանին հանձնելու դեպքում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի որոշ հատվածներ հնարավոր է անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ:

«Հենա էս էլ տան իրենց ու պրծնի, գնա, քոչենք գնանք  էլի, ուրիշ ինչ ենք անելու: Ճանապարհը փակվում է, էլ կապ չենք ունենում Իջեւանի հետ, մնում ենք տուպիկի մեջ, մի հատ գյուղ ունենք՝ Բարեկամավանի նման: Մեր ժողովուրդը սաղ դրանից են խոսում, դե պարզ ասում են, որ տալու են: Ասում են՝ 4 գյուղը Ադրբեջանը ուզում է, հա ինքը ուզում է, մենք էլ ենք շատ բան ուզում: Այ էն սարը տեսնո՞ւմ ես, սեւ սարը, էդ սարի մոտ Իջեւանի գյուղիցը մոտ 1200 հեկտար մենք տարածք ունենք, դե եթե տալիս են, մենք էլ մերն ենք ուզում, թող տան դե: Եթե նա չի տալիս, մերոնք խի՞ են տալի: Էս գեղը 20 զոհ է տվել 30 տարվա ընթացքում, փաստորեն, իզուր: Տալով, տալով, տալով եկան, էտա էս ել տան, պրծնենք էլի»,- ասում է Բաղանիսի բնակիչ Նորիկ Ալավերդյանը:

Բնակիչներից Հրաչիկ Ղուկասյանն էլ նշում է, որ ընդամենը 700-800 մետր են հեռու ադրբեջանցիների սահմանից, ու չգիտեն՝ նրանց բնակչությունը կգա, թե՝ զինված ուժերը:

«Շատ մոտ են, մեր արոտավայրերը, մեր հողագործությունը միշտ եղել է այս կողմում, նրանք էլ մոտ են, էլ չենք  կարող անասուն տանել էնտեղ, պահել, կկրակեն, մեզ վրա էլ, անասունի վրա էլ, շատ դժվար է: Տավուշի մարզի 4 գյուղի անուն է տվել, հիմա սպասում ենք՝ դրա վերջը ինչ կլինի, չգիտեմ»,- ասում է նա՝ նշելով, որ համայնքային իշխանություններն այս հարցի առնչությամբ իրենց որեւէ պարզաբանում չեն տվել:

Ոսկեպարցի Սարգիս Ալավերդյանն էլ ասում է, որ եթե այդ տարածքներն անցնեն թուրքերի վերահսկողության տակ բազմաթիվ միջադեպեր է լինելու, ինչպես եղել է ժամանակին, երբ այդտեղ բնակվել են թուրքերը. «Եղել ա, էլ մարդագողություն, էլ մարդասպանություն ու անասնագողություն է եղել դրանից հետո կամաց-կամաց իրար հետ լավացել են, ապրել: Եթե էս տարածքները հանձնեն, մենք արդեն կղզիանում ենք, բլոկադայի մեջ ենք մնում»: