Եթե երկու տարի անց քաղաքային իշխանությունները անում են նույն բանը, բանական մարդը ի՞նչ կարող է մտածել, միայն, որ սա արվել է կոռուպցիայի համար: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով տրանսպորտի սակագնի բարձրացման նախագծին։
Նա հիշեցրեց, որ դեռ երկու տարի առաջ իր օրոք միասնական տոմսային համակարգ ներդնելու մրցույթ է եղել, եւ հաղթող ընկերություն է ճանաչվել «Թելսելը», բայց դա չեզարկվել է, երկու տարի անցել է, նորից նոր մրցույթ են արել ու նորից նույն ընկերությունն է հաղթել:
«Երբ ինձ արդեն հանել էին եւ իմացա, որ չեղարկել են, ապշել էի: Իրոք, մտածում էի, որ ինչ-որ տեխնիկական հարց կա, բայց հետո տեսնում ենք, որ երկու տարի անց նույն ընկերությունը հաղթում է»,-ասաց Մարությանը:
Նա նկատեց, որ մինչեւ 2026 թվականը զգալիորեն բարձրանում են գույքահարկի գումարները, թանկացրել են կարմիր գծերը, շինթույլտվությունների համար վճարները. «Շատ մեծ գումարներ են հավաքվում համեմատած 2 տարի առաջվա: Այդ գումարները պետք է գնա հենց տրանսպորտի սուբսիդավորման վրա:
Նշենք, որ Երեւանի ավագանու այսօրվա՝ մարտի 12-ի նիստում քննարկվելու է տրանսպորտի թանկացման հարցը:
Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով նախատեսվում է ՝
«90 րոպե»-անոց տոմս – 280-300 դրամ՝ 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),
1 օրվա համար 880-900 դրամ՝ 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),
7 օրվա համար 4800-5000 դրամ՝ 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),
30 օրվա համար 8800-9000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
90 օրվա համար 23 600-24 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
365 օրվա համար 88 000-90 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,
«Բազմակի օգտագործման» տոմս – 2100-2200 դրամ՝ մեկ ամսվա ընթացքում 10 ուղեւորություն,
Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։
Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր:
Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից:











