Ես կասկածներ ունեմ, որ իրենք տրանսպորտի ուղեվարձի թանկացումներն անում են որպեսզի նորից բացեն տրանսպորտային այս ցանցը մասնավորին տալու խոսակցությունը։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով տրանսպորտի սակագնի բարձրացման նախագծին։

«Այսինքը պատրաստի փաթեթով հանձնել իրենց բարեկամ օլիգարխներին, դուք լավ ճանաչում եք իրենց»,-Երևանի քաղաքապետարանի դիմաց հայտարարեց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա հայտնեց, որ ուղեվարձի բարձրացման և աղբահանության համակարգը կրկին մասնավորին վերադարձնելու հայտարարությունների մեջ այլ տրամաբանություն չի տեսնում։

Մարությանը հայտարարեց, որ մի կերպ իրենց հաջողվել էր ձևավորել քաղաքային աղբահանության համակարգը և ներկայում այն մասնավորին վաճառելու դեպքում այն ավելի թանկ է լինելու:

«Քաղաքապետն ասում է՝ քանի որ թանկ է նստում աղբահանությունը, եկեք մասնավորին ներգրավենք: Եթե մասնավորը գա, իր վրա նույն ինքնարժեքն է նստելու: Եթե պետական հիմնարկը եկամուտ չի հետապնդում, մասնավորը հետապնդելու է, նվազագույնը 10 տոկոս, եթե ոչ 15-20 տոկոս: Փաստորեն էս մարդն ասում է՝ քանի որ թանկ է նստում, եկեք մասնավորին ներգրավենք: Մասնավորը շատ ավելի թանկ է հաշվելու: Բացի այդ քաղաքը հսկայական ռեսուրսներ է ծախսելու, որ հետեւի, որ մասնավորը այդ աշխատանքը կատարի: Մասնավորը փորձելու է մաքսիմալ վատ կատարել: Սրանով իրենք խոստովանում են, որ չեն կարողանում ղեկավարել աղբահանության հիմնարկը»,-ասաց նա:

Նշենք, որ Երեւանի ավագանու այսօրվա՝ մարտի 12-ի նիստում քննարկվելու է տրանսպորտի թանկացման հարցը:

Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով  նախատեսվում է ՝

«90 րոպե»-անոց տոմս – 280-300 դրամ՝ 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),

1 օրվա համար 880-900 դրամ՝ 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),

7 օրվա համար 4800-5000 դրամ՝ 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),

30 օրվա համար 8800-9000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

90 օրվա համար 23 600-24 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

365 օրվա համար 88 000-90 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,

«Բազմակի օգտագործման» տոմս – 2100-2200 դրամ՝ մեկ ամսվա ընթացքում 10 ուղեւորություն,

Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։

Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր:

Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից: