Ստեփանակերտում տեղի ունեցած բենզինը պահեստի պայթյունը կապված էր րոպե առաջ դուրս գալու տրամաբանության մեջ։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ ամբողջ կառավարումը կորցնելով մարդկանց ասում են՝ գնացեք, անգարներից բենզին վերցրեք՝ առանց հսկողության։ Ես տեսնում էի, որ այդ թվում՝ օտար ուժեր, կային արտաքին ուժեր, ովքեր նաեւ դրդում են էթնիկ զտումները կազմակերպող հիմնական ուժին եւ աջակցում են նրանց, որ ԼՂ հայերը րոպե առաջ դուրս գան, ինչի՞ համար, որովհետեւ նրանք հայտարարել էին Հայաստանում իշխանափոխության մեկնարկը եւ տեսնում էին, որ Հայաստանում իրենց ռեսուրսները չեն հերիքում հեղափոխություն անելու համար։ Նրանց հարկավոր էր թեկուզ Ղարաբաղի գնով ռեսուրս բերել որպեսզի Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն տեղի ունենա։ Այնպես չէ, որ այդ նկրտումները ավարտվել են, դրանք շարունակվում են»,- նշեց նա։

Փաշինյանը հայտարարեց, որ 1996 թվականից Ղարաբաղի հարց այլեւս գոյություն չի ունեցել, այլ գոյություն է ունեցել Հայաստանի հարց․ «Այո, 96 թվականից  գոյություն չի ունեցել Ղարաբաղի հարց։ 2023-ի սեպտեմբերին այդ նույն ուժերը ուզում էին, որ Հայաստանի հարցն էլ լուծեն ու փակվի ամբողջը։ Ո՞նց եղավ, որ 2021-ի մայիսին ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքիշխան տարածք ներխուժեցին այն ժամանակ երբ խորհրդարանը լուծարված էր, երբ վարչապետը հրաժարական տված էր, ինչո՞ւ դա տեղի ունեցավ 2021-ի մայիսի 12-ին, երբ այդ բոլոր որոշումները ուժի մեջ մտած էին, ինչո՞ւ մայիսի 5-ին կամ ապրիլի 25-ին դա տեղի չունեցավ։

Մեզ մյուս կողմից էլ ասում էին՝ բա ինչո՞ւ ռազմական գործողություններ չեն սկսում, ճիշտն ասած՝ չգիտեինք, թե ինչ պատասխանենք։ Հիմա կարող ենք ասել, որ ամբողջ հաշվարկը դրա մեջ էր, որ մի հատ պատերազմ սկսի, Հայաստանն ի վիճակի չլինի ընտրություններ անցկացնել, եւ 2021-ի ամռանը դե յուրե եւ դե ֆակտո տեղի ունենա Հայաստանի Հանրապետության լուծարում»։