Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում ասաց, որ Ադրբեջանի կողմից պահանջվող այդ 4 գյուղերը մեր քարտեզների վրա չկան։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, լրագրողներին ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Հարցին՝ Հայաստանը տալո՞ւ է Ադրբեջանին գյուղերը, Մելքոնյանն ասաց․ «Ոչ։ Նա ասաց՝ ինչը մեր տարածքի մեջ է՝ մերն է, ինչը մեր տարածքի մեջ չէ, ապա մերը չէ»։

Ճշտող հարցին՝ եթե այդ գյուղերը մեր տարածքում չեն, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը Հայաստանից պահանջում դրանք, պատգամավորն ասաց․

«Քննարկում են, շատ եք վռազում։ Ոսկեպարի ճանապարհի մի հատված մնում է իրենց տարածքի մեջ։ Հիմա մենք ունենք Արծվաշենը։ Ներկայումս դա մերն է, որն իրենց տարածքում է։ Հիմա պիտի քննարկենք, թե Արծվաշենը որ տարածքի հետ պիտի փոխվի։ Նույնն էլ Տիգրանաշենն է։ Հիմա քննարկումներ են գնում, թե Արծվաշենն ինչի հետ կարելի է փոխել»։

Անդրադառնալով Ադրբեջանի այն պահանջին, որ այդ 4 գյուղերը պետք է Հայաստանը տա մինչև սահմանազատման գործընթացի մեկնարկը՝ Մելքոնյանն ասաց․ «Ինքը շատ բան ա ասում։ Ամեն ասածը հո չե՞ն անում»։

Լրագրողի հարցին, թե Գորիս-Կապան մայրուղին ինչո՞ւ Հայաստանը տվեց, Մելքոնյանն ասաց․ «Ռուսներն են տվել։ Այդ սահմանին իրենց ռուսների հետ էին կանգնած։ Եթե լավ հիշում ես, այդ տարածքու ռուսական զորքն ադրբեջանական զորքի հետ պահում էր այդ սահմանը։ Մի օր էլ փակեց ու հանձնեց Ադրբեջանին, ոնց Լաչինի միջանցքը»։