Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային, քաղաքական և տնտեսական էքսպանսիա են իրականացնում։ NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում նման կարծիք է հայտնել Ex Oriente Հայաստանի արևելագետների միության համահիմնադիր, քաղաքագիտության դոկտոր Արսեն Գասպարյանը։
Նա բացատրեց, որ տարածքային էքսպանսիան, որը հանգեցրեց Արցախի կործանմանը, շարունակվելու է գյուղերի վերաբերյալ պահանջների և սահմանամերձ հայկական տարածքներ ներթափանցելու փորձերի տեսքով:
Գասպարյանը հավելել է, որ դրան զուգահեռ Բաքուն և Անկարան քաղաքական և տնտեսական էքսպանսիա են իրականացնելու։
«Քաղաքական էքսպանսիայի որոշակի նշաններ արդեն իսկ տեսանելի են Հայաստանի Սահմանադրության փոփոխության, զինանշանի փոփոխության և մեր պետականության առնչվող այլ հարցերի մասին խոսակցությունների տեսքով։
Դրան կհաջորդի տնտեսական էքսպանսիան, որը կործանարար կլինի մեր ժողովրդի համար։ Օրինակ, եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի, ապա հայկական տեքստիլը իսպառ կվերանա՝ հաշվի առնելով, որ Թուրքիան այս ոլորտում առաջատար դիրքեր է զբաղեցնում աշխարհում։ Նույնը վերաբերում է շինարարության ոլորտին։ Լուրջ հարված կհասցվի նաև գյուղատնտեսությանը»,- ընդգծեց Գասպարյանը։
Նրա խոսքով՝ թուլությամբ հնարավոր չէ խաղաղություն հաստատել․ միջազգային հարաբերությունների պատմության մեջ նման դեպքեր չեն եղել, թույլ կողմով հնարավոր չէ խաղաղություն հաստատել։
«Ե՛վ 2020 թվականի պատերազմից առաջ, և՛ դրանից հետո ես քայլեր չեմ տեսել մեր բանակի հզորացման ուղղությամբ, որպեսզի այն ունենա 21-րդ դարի բանակի չափանիշներին համապատասխան կարողություններ։ Մենք, գտնվելով պատերազմական վիճակում, ռազմարդյունաբերական համալիր չենք ստեղծել և զենք չենք արտադրում»,- ասաց նա։
Գասպարյանի կարծիքով՝ վերջին 7-8 տարում արտաքին որոշ ուժեր ինտենսիվ աշխատանք են տարել Հայաստանի ներսում և զգալիորեն ազդել հասարակության հոգեբանության ու մտածելակերպի վրա։
«Անհեթեթություն է, որ 2021 թվականին մոտ 700 հազար մարդ քվեարկել է պատերազմում պարտված ուժի օգտին, որը պատասխանատու է 5000 երիտասարդի կյանքի և տարածքների կորստի համար։ Ինչպե՞ս կարող էր դա տեղի ունենալ։ Հատուկ ծառայությունները պետք է զբաղվեն այս հարցը և հասկանան, թե ով է փոխել բնակչության մտածելակերպը մի քանի տարիների ընթացքում»,- եզրափակեց Գասպարյանը։











