Փաստորեն, ճիշտ հասկացա՞նք, որ արցախահայերի վերադարձի մասով ՀՀ-ն ոչ մի քայլ չի ձեռնարկում, որովհետև, եթե ասվում է՝ իրենց կողմից պետք է լինի որոշում, անհասկանալի է, իրենց կողմից որոշումն ինչպե՞ս պետք է ձևակերպվի։ Այստեղ ՀՀ-ն պետք է լինի հարցի հիմնական առաջ տանողը: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ դիմելով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Հայտնելով, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ կոմիտե է ձևավորվել, որը շատ լուրջ գործ է անում արցախահայերի իրավունքների ուղղությամբ՝ պատգամավորը հարցրեց, թե ՀՀ ԱԳ նախարարությունն արդյոք կաջակցի Օսկանյանին։
Արարատ Միրզոյանն անդրադառնալով Վարդան Օսկանյանի այսօրվա գործունեությանը՝ ասաց. «Մենք ջանքեր գործադրեցինք, որպեսզի ԼՂ հայությունը կարողանա մնալ Լեռնային Ղարաբաղում: Չսատարել այդ ջանքերին և այդ ամենը բնութագրել որպես դավաճանական գործունեություն, դրանից հետո գալ և զբաղվել ԼՂ հայերի վերադառնալու հեռանկարով՝ մի քիչ ինձ վրա փարիսեցիության տպավորություն է թողնում: Բայց ինչպես ասում են՝ Աստված՝ դատավոր բոլորին, և հանրությունը դատավոր՝ քաղաքական գործիչների քաղաքական գործունեությանը»,-ասաց Արարատ Միրզոյանը։











