Կարծում եմ, որ ԵՄ-Հայաստան համագործակցությունը բացասաբար կանդրադառնա առաջին հերթին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱՊՀ երկրների և Էներգետիկ հարցերով եվրոպացի փորձագետ Ալեքսանդր Ռարը:

«Ըստ իս՝ սխալը, որ թույլ են տալիս Ռուսաստանը, նաև ԵՄ-ն վերջին 10 տարիներին, այն է, որ Հայաստանի, Ուկրաինայի, կամ օրինակ՝ Բելառուսի նման երկրներին դնում են մի իրավիճակում, երբ ստիպում են այդ երկրներին ընտրություն կատարել երկու կողմերի միջև՝ կա՛մ Մոսկվա, կա՛մ Բրյուսել։ Եվ սա տանում է առճակատման՝ էլ ավելի լարելով իրադրությունը։

Այնպես որ, եթե գտնվի այլ լուծում, որպեսզի հնարավոր լինի համագործակցել բոլոր կողմերի հետ, դա Հայաստանի համար կհեշտացնի ոչ միայն գոյատևելը այս շատ դժվարին միջավայրում, այսպիսի հարևաններ ունենալու պարագայում, այլև հնարավորություն կտա զարգանալ»,-ասաց նա:

Ռարը կարծիք հայտնեց, որ Հայաստանի ղեկավարությունը լիովին հասկանում է և պետք է հասկանա, որ Բրյուսելի աջակցությունը ռազմավարական ուղղվածություն ունի, այն նպատակ ունի օգնել ոչ այնքան միայն Հայաստանին, որքան մեկուսացնել և զսպել Ռուսաստանին և Չինաստանին, քանի որ այս երկրները դիտվում են որպես Արևմուտքի և ԵՄ-ի հակառակորդներ հետխորհրդային տարածքում: