Բազմաթիվ երկրներ, հատկապես, եթե ելք չունեն դեպի ծով, ձգտում են ունենալ սեփական ավիացիա, ազգային ավիափոխադրող, եւ մենք էլ էինք ձգտում. Բայց վերջերս հասկացանք, որ «Ֆլայ Առնան», որը հիմնվել էր նաեւ պետության ներդրումով 2021-ին, կարծես 4,8 մլրդ ր ներդրվել կապիտալի մեջ, դադարեցրել է թռիչքները եւ օդանավերն էլ հանել է գրանցումից: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:
Նա հարց ուղղեց վարչապետին, թե այդ առումով ի՞նչ է անելու հայաստանը, որն է մեր երկրի դիրքորոշումը. «Եթե կա պատճառբերի վերլուծություն, թե ինչու է այդպես ստացվել, խնդրում եմ դա էլ ասեք: Եվ կա՞ր արդյոք այդ ռիսկերի վերաբերյալ պատկերացում, որ կարող էր նման ելք լինել: Քիչ փող չի, եւ քիչ կարեւորություն չունի, որ մեզ անհրաժեշտ է հատկապես ճգնաժամային իրավիճակներում, երբ մենք որոշում կկայացնենք՝ այդ ինքնաթիռները թռչեն, թե ոչ եւ ուր թռչեն»,-ասաց պատգամավորը:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց. «Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է, բայց պետք է հաշվի առնել հետեւյալ հանգամանքները, որ այդ որոշումը կայացվել է մի իրավիճակում, երբ Կովիդի համաճարակի ժամանակաշրջանն էր եւ , ըստ էության, այն ավիաընկերությունները, որոնք Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապում էին եւ ունեինք պայմանավորվածություն, բյուջետային ավիաընկերությունները, Կովիդի բերումով դադարեցրին իրենց թռիչքները դեպի Հայաստան: Մասնավորապես, խոսքը «Ռյանէյրի», ,Վիզէյր»-ի մասին է: Մենք այդ իրավիճակում կայացրել ենք որոշում, ըստ էության, ընկերության կառավարումը վստահելով այդ շուկայի արտաքին խոշոր խաղացողներից մեկին: Բայց հետագայում նաեւ շուկայի կոնյունկտուրան որոշակի փոփոխություն է կրել եւ նաեւ շուկայում նոր ընկերություններ են հայտնվել, եւ «Ֆլայ Առնան» մրցակցությանը չի դիմացել»:
Փաշինյանի խոսքով, այդ ընթացքում որոշակի զարգացումներ են եղել մեր քաղավիացիայի հետ կապված, մասնավորապես, ԵՄ «սեւ ցուցակում» հայտնվելը. «Այո, դա վատ պատմություն է, որոշակի հետեւոյթւոններ արվում են, եւ եթե չեմ սխալվում, երեկ նաեւ ԱԺ-ում մի օրենսդրական փոփոխություն է տեղի ունեցել, որով որոշակի գործողությունների համար, որոնք կատարվում են Ավիացիայի կոմիտեի կողմից, պետտուրքեր են սահմանվել: Դա արվում է նրա համար, որ Ավիացիայի կոմիտեի ֆինանսական հնարավորություններն ավելանան, որ կոմիտեն հնարավորություն ունենա պատշաճ մասնագետներ վարձել, որոնց գործունեության արդյունքում մենք հույս ունենք՝ շատ շուտով Հայաստանը դուրս կգա ԵՄ «սեւ ցուցակից»,-ասաց վարչապետը:
Նա հավելեց, որ որոշակի ստուգողական գործողություններ են իրականացվել, եւ եթե քրեաիրավական գնահատականի համապատասխանեն, կտրվեն նման գնահատականներ:
Հարցին, թե արդյոք կառավարությունը համարում է «Ֆլայ առնայի» հետ կապված հարցը փակված, Փաշինյանն ասաց. «Ես կարծում եմ՝ ցավոք, մենք այդ նախագիծը շարունակելու մասին մտածելու լավատեսական ոչ մի հիմք չունենք»:











