Առանց Հայաստանի պաշտոնական աջակցության, ինչ իշխանություն էլ լիներ Արցախում, այս աշխարհաքաղաքական պայմաններում իրատեսական չէր...
Առանց Հայաստանի պաշտոնական աջակցության, ինչ իշխանություն էլ լիներ Արցախում, այս աշխարհաքաղաքական պայմաններում իրատեսական չէր հաջողության հասնել: Շատ կարեւոր է, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը լիներ կուռ եւ չպետք է տաներ Արցախի կորստին: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Անդրադառնալով Տավուշում ստեղծված վիճակին եւ Ադրբեջանի կողմից հարձակման վտանգին, նա ասաց, որ դա կարելի է կանխել միջազգային հարաբերություններով, դիվանագիտության, բանակը հզորացնելով, միջազգային գործընկերների հետ համապատասխան հարաբերություններ վարելով լրացուցիչ երաշխիքներ ստանալ, որ հարձակում չի լինելու: «Եվ ներքին դիմադրողականությունը պետք է բարձրացնել, եւ արտաքին դիմադրողականությունը: Հասկանալի է, որ եթե միջազգային գործընկերները բարձր գին դնեն Ադրբեջանի գործողությունների վրա, Ադրբեջանը չի հարձակվելու: Ես դրա հնարավորությունները տեսնում եմ, ուղղակի դրա համար պետք է պատշաճ հաղորդակցություն վարել գործընկերների հետ եւ փակ, եւ բաց ձեւաչափով»:
Ինչ վերաբերում է Բաքվում գտնվող հայ գերիների խնդրին, Բեգլարյանն ասաց. «Ես ինքս չեմ տեսնում, որ ՀՀ իշխանությունն այն է անում, ինչը ես կպատկերացնեի, որ կանեն:
Չեմ կարծում, որ բավական ջանք գործադրվել է, իհարկե, դրա համար բավականին լուրջ միջազգային ճնշում է պետք: Իսկ միջազգային ճնշման համար մենք պետք է ճնշենք, օգտագործելով բոլոր հնարավոր մեխանիզմները: Մյուս տարբերակը Ադրբեջանի հետ բանակցելն է, քաղաքական առեւտուր անելն է, որը արվեց դեկտեմբերին»:











