Այս իշխանությունների օրոք պատերազմն անխուսափելի է, նոր տարածքների կորուստն անխուսափելի է, Հայաստանի ուկրաինացումն ու պաղեստինացումն անխուսափելի է, բայց պատերազմն անխուսափելի չէ ներկա իշխանությունների հրաժարականի եւ ազգային համաձայնության կառավարության ձեւավորման դեպքում։ Այս մասին NEWS.am թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

Նա անթույլատրելի է անվանել Ռուսաստանին Հայաստանի թշնամու վերածելու գործընթացը։

«Փաշինյանի վարչակարգին առաքելություն է տրված՝ տարածաշրջանում ստեղծել արեւմտյան հեգեմոնիա։ Իսկ Արեւմուտքը տարածաշրջանում որպես իր ներկայացուցիչ դիտարկում է Թուրքիային, որը Հայաստանից պահանջում է կատարել Ադրբեջանի բոլոր պայմանները եւ հանձնել տարածքներ»,- նշել է Սողոմոնյանը։

Նա կանխատեսում է, որ Փաշինյանը, կատարելով Արեւմուտքի առաքելությունը, աստիճանաբար դնելու է ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցերը, ինչպես նաեւ ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը։

Նրա խոսքով՝ Հայաստանը, հաշվի առնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի սպառնալիքները, հուսալի գործընկերների կարիք ունի։

«Իսկ այժմ այդ հարաբերությունները հետեւողականորեն փչացվում են, եւ դրա փոխարեն մենք չենք ստանում նոր երաշխիքներ այլ կենտրոններից։ Ռուսաստանին ու Իրանին տարածաշրջանից դուրս բերելու Հայաստանի փորձերի ֆոնին մենք տեսնում ենք Ադրբեջանի հարաբերությունների սերտացում այդ երկրների հետ։ Արեւմուտքը, ձգտելով թույլ չտալ նման գործողություններ Բաքվի կողմից, փորձում է սիրաշահել Ալիեւին։ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը տարածաշրջան կատարած իր այցի ժամանակ բառ անգամ չասաց Արցախում կատարված ցեղասպանության մասին, որը տեղի ունեցավ անցած տարվա աշնանը։ Նա բառ անգամ չասաց ադրբեջանցի լրագրողների դեմ բռնաճնշումների մասին»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Նա կշտամբել է Հայաստանի իշխանություններին Իրանի հետ հարաբերությունները փչացնելու հատուկ տաղանդի համար, որը Հայաստանը դիտարկում է որպես կարեւոր եւ ամենաանվտանգ երկիրը Ռուսաստան եւ Արեւմուտք ցամաքային ելքի համար։

Սողոմոնյանը նշել է, որ իշխանությւոններիվարած քաղաքականության պատճառով անգամ Իրանն է սկսել սիրաշահել Ադրբեջանին, որպեսզի դուրս չմնա տարածաշրջանային գործընթացներից, թեեւ Թեհրանը գիտի, որ Բաքուն իր ռազմավարական գործընկերը չէ՝ իսրայելական սպառնալիքի հաշվառմամբ։

«Այս ամենը կարող է հանգեցնել Հայաստանի դիվանագիտական մեկուսացման եւ հնարավորություն ստեղծել Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի համար»,- նշել է նա։