Եթե հետագայում եւս լինեն այսպես կոչված անկլավների հանձնումներ, ապա ադրբեջանական զորքերը կարող են հասնել Լոռու մարզի վարչական սահմանին, որը կվերածվի սահմանամերձ շրջանի։ Այս մասին NEWS.am թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ Տավուշի չորս գյուղերի հանձնումը, ինչի մասին խոսում է Փաշինյանը, վերաբերում է ոչ միայն այդ գյուղերի բնակիչներին, այլեւ Հայաստանի բոլոր քաղաքացիներին։

«Վրաստան տանող ճանապարհներից մեկը, ինչպես նաեւ գազատարն անցնում են այդ տարածքով, ինչը կարող է սպառնալ Հայաստանին էներգետիկ ճգնաժամով»,- ավելացրել է նա։

Սողոմոնյանը նշել է, որ Ադրբեջանն օկուպացրել է մոտ 300 քառակուսի կիլոմետր տարածք եւ մնում է անպատիժ՝ հայտարարելով, որ ոչ մի սանտիմետր չի նահանջի։ Այս ֆոնին դե ֆակտո Հայաստանի ղեկավարը հրաժարվում է Հայաստանի տարածքից։

«Հայաստանի տարածքն այն է, որը վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից, ինչպես նաեւ Ադրբեջանի օկուպացրած Հայկ. ԽՍՀ հողերը։ Սահմանազատման եւ սահմանագծման անցկացումից առաջ հայտարարությունն այն մասին, որ ՀՀ բանակի կողմից վերահսկվող տարածքի մի ինչ-որ մաս պատկանում է Ադրբեջանին, հանցագործություն է Հայաստանի տարածքային ամողբջականության դեմ, որին պետք է պատիժ հաջորդի։

Ինչի՞ հիման վրա է Փաշինյանն ասում, թե այդ գյուղերը Հայաստանին չեն պատկանում։ Նա չի նշում, թե որ քարտեզների հիման վրա է նա նման հայտարարություն անում»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Նա հիշեցրել է, որ Ալմաթիի հռչակագիրը փաստաթուղթ է ԱՊՀ ստեղծման մասին, որին որեւէ  քարտեզներ չեն կցվել։

«Ավելին,  փաստաթղթում կա «գոյություն ունեցող սահմաններ» ձեւակերպումը։ Այդ ժամանակ Արցախը վերահսկում էր ԼՂՀ Պաշտպանության բանակը, իսկ Ադրբեջանը միացավ փաստաթղթին ավելի ուշ։

Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորի դերը կատարելու փոխարեն Փաշինյանը թշնամուն հրավիրում է պատերազմ սկսել։ Նա իր հայտարարություններով տանում է դեպի նրան, որ Հայաստանի տարածքի հանդեպ ագրեսիա կատարվի։ Արցախի դեպքում Փաշինյանն ապահովեց լեգիտիմությունն Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի կատարման համար։ Նույնը տեղի է ունենում այսօր»,-ասել է Սողոմոնյանը։

Նա նշել է, որ Փաշինյանը հայ հանրության հետ շփվելիս օգտագործում է երկու մեթոդ՝ մանիպուլյացիա եւ ահաբեկում, եւ Տավուշի գյուղերի բնակիչների հետ հանդիպմանը նա փորձել է վախեցնել պատերազմով։

«Մեր զորքերը կանգնած են Տավուշում նպաստավոր դիրքերում։ Ադրբեջանը, եթե փորձի զավթել այդ տարածքները, լուրջ կորուստներ կկրի։ Այս դեպքում Փաշինյանի հայտարարությունը բանակին կանգնեցնում է դիլեմայի առջեւ՝ կատարել հրամա՞նը, թե՞ Հայաստանի տարածքային ամբողջականութոյան պաշտպանության պարտավորությունները։ Եթե նրանք չկատարեն իրենց սահմանադրական պարտավորությունները, ապա դա նրանց կվերածի հանցագործության համամասնակիցների»,- նշել է «Հայաքվեի» անդամը։