Բոլորիս համար էլ մտահոգիչ է դատավորների հրաժարականների դիմումները: Այդ մասին, այսօր՝ մարտի 29-ին, Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Սերգեյ Չիչոյանը։
Իսկ թե ինչո՞վ է մտահոգիչ հարցին ի պատասխան, նա ասաց. «Դե, առանց պատճառի, չիմանալով պատճառները։ Իրենցից, կարծեմ, մեկն է նշել, որ գիտությամբ է զբաղվելու, մնացածից տեղեկություն չունեմ»։
Հարցին՝ ունի՞ կոլեգաների հետ գրագրություն, որը եթե հրապարակվի, անհարմար վիճակում կհայտվի, Չիչոյանն ասաց. «Իհարկե, ոչ»։
Հարցին՝ պարզե՞լ են, թե ով է դատական համակարգի «հուդան», ով տարել, գրագրությունը հասցրել է համապատասխան մարդկանց, ադյունքում դատավորները հրաժարական են տվել, դատավորը պատասխանեց. «Չեմ պարզել, բայց շատ հետաքրքիր է»։ Նա ընդգծեց, որ բոլոր տեղերում էլ կլինեն «գործ տվողներ»:
Չիչոյանը հայտարարեց, որ ինքն իր վրա չի զգում ճնշումներ:
Հիշեցնենք, որ մի քանի օրերի ընթացքում ազատման դիմում է գրել 4 դատավոր՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը եւ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ մոտ 4 տարի առաջ դատավորները ընդհանուր «չաթ» են ունեցել, քննարկել տարբեր թեմաներ, այդ թվում՝ քաղաքական հարցեր, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Նիկոլ Փաշինյանի և նրա մտերիմների հասցեին դատավորները հնչեցրել են հայհոյանքներ։











