Ցանկացած միակողմանի զիջում անօրինական է, և բոլոր նրանք, ովքեր ներգրավված են այս գործընթացում, իշխանափոխությունից հետո անպայման դատվելու են, որովհետև սրանք տարածքային ամբողջականության դեմ հանցագործություններ են։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Մենք արդեն պատրաստվում ենք հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնել Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի և բոլոր նրանց դեմ, ովքեր կներգրավվեն այս հանցագործություններում։ Նրանց, ովքեր դեռ չեն ներգրավվել այս ամենում, բայց կարող են ներգրավվել, զգուշացնում եմ՝ հարգելիներս, հանցագործություն մի՛ գործեք, բոլոր հանցագործությունները հիմա փաստագրվում են, իշխանափոխությունից հետո, իսկ այն սարերի հետևում չի, վաղ թե ուշ լինելու է, Ադրբեջանին միակողմանի տարածքներ հանձնելու մեջ ներգրավված բոլոր անձինք պատասխան են տալու օրենքի առաջ, դրանում թո՛ղ ոչ ոք կասկած չունենա։ Բոլոր նրանք, որոնք բանավոր հրահանգներով հանձնել են նաև ՀՀ տարածք համարվող Գորիս-Կապան ճանապարհահատվածը, ևս պատասխան են տալու։ Ուզում եմ զգուշացնել զինվորականներին, իրավապահ համակարգի ներկայացուցիչներին՝ հոգիներիդ վրա մեղմ մի՛ վերցրեք, դատվելո՛ւ եք անպայման, չկասկածեք նույնիսկ դրանում, արդեն իսկ պատրաստվում ենք, որ դատենք ձեզ, որովհետև իշխանափոխություն տեղի է ունենալու։ Ինչքան արագ անենք սա, այնքան արագ իշխանափոխություն տեղի կունենա։ Մի՛ արեք նման բան, պե՛տք չի հանձնել մեր երկրի տարածքները»,- նշեց Չալաբյանը։
Նա բացարձակապես անհիմն է համարում իշխանության այն պնդումը, որ Տավուշի սահմանին գտնվող 4 բնակավայրերն ադրբեջանական են։
«Ինչի՞ց եզրակացրին, որ Տավուշի գյուղերը, որոնց մասին խոսում են, ադրբեջանական են։ Որտե՞ղ է դա երևում: Որտե՞ղ է սահմանը: Ես էլ ասում եմ, որ դրանք հայկական գյուղեր են, քանի որ հայկական զինված ուժերի վերահսկողության տակ են, և այս հատվածում սահմանազատում ու սահմանագծում չի իրականացվել։ Տարածքների պատկանելիության մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ սահմանազատում կլինի։ Նախ պետք է համաձայնեցնել քարտեզը, որի հիման վրա կիրականացվի գործընթացը։ Այս համաձայնեցված քարտեզը պետք է վավերացնեն երկու երկրների խորհրդարանները։ Ցանկացած միջազգային փաստաթուղթ պետք է վավերացվի խորհրդարանում։ Ըստ Հայաստանի Սահմանադրության՝ երկրի տարածքին վերաբերող ցանկացած միջազգային փաստաթուղթ պետք է հաստատվի հանրաքվեով։ Քանի դեռ այդ գործընթացը չկա, ասել, որ այդ տարածքները պատկանում են Ադրբեջանին, հանցագործություն է։
Եթե իշխանությունները հղում են անում նրան, որ այդ տարածքներն իբր եղել են Խորհրդային Ադրբեջանի կազմում, ապա պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն իր Սահմանադրության մեջ հղում է անում Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությանը, որն ընդգրկում է ամբողջ Տավուշի մարզը։ Ուստի, երբ Ադրբեջանը ստանա այդ գյուղերը, հետո էլ կասի՝ շնորհակալություն, դե հիմա էլ տվեք Իջևանը, Նոյեմբերյանը, Դիլիջանը, կասի՝ դրանք իր տարածքներն են, և դա ամրագրված է նրանց Սահմանադրության մեջ։ Եթե հիմք ընդունվեն խորհրդային սահմանները, պետք է նախ փաստաթուղթ ստորագրվի, որ սահմանազատումը կատարվելու է խորհրդային ժամանակաշրջանի սահմաններով, բայց նման փաստաթուղթ չկա։ Ինչ վերաբերում է Ալմա-Աթիի հռչակագրին, դրանում ոչ մի սահման ամրագրված չէ, այդ հռչակագրում նման կետ չկա։ Փաստաթղթում ասվում է, որ հռչակագրին միացող երկրներն ընդունում են գոյություն ունեցող սահմանները։ Ադրբեջանը հռչակագրին միացել է 1993 թվականին, նշանակում է՝ ընդունել է, որ այդ գյուղերը պատկանում են Հայաստանին։ Եթե նույնիսկ օրինական բոլոր ընթացակարգերը կատարվեն, և որոշվի, որ սահմանազատումը կատարվում է խորհրդային սահմանների հիման վրա, Ադրբեջանը պետք է Հայաստանին վերադարձնի 10 անգամ ավելի շատ տարածք, քան այժմ ինքն է պահանջում։ Բերքաբեր գյուղի մեծ մասը բռնազավթված է Ադրբեջանի կողմից, և ոչ միայն։ Դե, ուրեմն թող Ադրբեջանն էլ վերադարձնի 31 գյուղերի տարածքները»,- նկատեց Չալաբյանը։
Նրա դիտարկմամբ՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ ԵՄ-ն հայտարարել են, որ այս հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, և ոչ թե ուժային շանտաժով։
«Այդ հայտարարությունները հասցեագրվել են Ադրբեջանին, ինչը հիստերիա է առաջացրել Բաքվում, որովհետև հասկանում են՝ պատերազմի սպառնալիքով չեն կարող տարածքներ պոկել։ Իսկ ո՞վ է ասել, որ Ադրբեջանը պատերազմով է սպառնում մեզ։ Ո՞վ է մեզ նման ասել՝ Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը, որովհետև նրանք ստանձնել են Ադրբեջանի դեսպանի գործառույթն են ստանձնել, փորձում են սպառնալ մի բանով, որը նույնիսկ Ադրբեջանն է վախենում ասել։ Եթե Ադրբեջանն ասի, որ գնում է պատերազմի, ինչո՞վ է հիմնավորելու դա, նրանով, որ Հայաստանի վերահսկողության տակ տարածքներ կա՞ն։ Ցանկացած միջազգային խաղացող կողմերին բանակցելու, երկուստեք շահավետ սահմանազատում անելու կոչ կանի»,- շեշտեց քաղաքական գործիչը։
Չալաբյանի գնահատմամբ՝ Տավուշի այդ հատվածը պաշտպանական բացառիկ նշանակություն ունի, քանի որ ադրբեջանական զորքերն այդ գոտում երեք կողմից շրջապատված են գերիշխող հայկական դիրքերով։
«Այնտեղ հարձակում կազմակերպելն ինքնասպանություն կլինի Ադրբեջանի համար, քանի որ նման փորձ անի, երեք կողմից կրակի տակ է հայտնվելու, հազարներով կորուստ է տալու։ Հետևաբար, Ադրբեջանը մտածում է՝ ավելի լավ է համոզի իր կամակատարներին՝ Հայաստանի իշխանությանը հանձնել այդ դիրքերը։ Ալիևը մի անգամ ասել է, որ Քարվաճառն ու Քաշաթաղը գրավելու համար ադրբեջանական բանակը կունենար կենդանի ավելի մեծ կորուստ, քան ամբողջ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Ալիևը խոստովանեց, որ իրեն հաջողվեց համոզել Փաշինյանին այդ տարածքները հանձնել առանց արյունահեղության»,- ընդգծեց Չալաբյանը։
Նրա համոզմամբ՝ Փաշինյանն անում է ոչ թե այն, ինչ պետք է Հայաստանին, այլ այն, ինչը պետք է Ալիևին։
«Ես չգիտեմ, թե ինչու է նա դա անում, բայց համոզված եմ՝ իշխանափոխությունից հետո Փաշինյանը կանգնելու է դատարանի առաջ, և մենք սկսելու են ստանալ պատասխաներ, թե ինչու հանձնեց Քարվաճառը, որը Վարդենիսի վրա հարձակման պլացդարմ դարձավ, թե ինչու է հիմա ուզում հանձնել այդ տարածքները, որից հետո Ադրբեջանը, ամրանալով այնտեղ, հարձակվելու է, մեջտեղից կիսելու է Տավուշը՝ դուրս գալով Լոռու մարզի սահման։ Մենք կստանանք այս հարցերի պատասխանները՝ Փաշինյանը հավերժ չէ, ի վերջո նա գահընկեց է լինելու, և բոլոր այս հարցերին պատասխաններ են տրվելու»,- վստահեցրեց Չալաբյանը։
Փաշինյանը, նրա համոզմամբ, փորձում է երկարաձգել իր իշխանությունը, քանի որ «Ադրբեջանից նոր զիջումների դիմաց իրեն ձեռք չտալու «խոստումներ» է ստանում»։
«2021 թվականին Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ Տավուշի բնակիչներին ասել էր, թե ինչ-որ մարդիկ փորձում են խաբել քաղաքացիներին, որ «իբր ինքը մտադիր է անկլավները հանձնել, ձեռքերը կկտրի, բայց չի տա դրանք»։ Փաշինյանը խաբեբա է՝ ինչ ասել է, դրժել է խոսքը, հիմա եկել, Տավուշն է հանձնում։ Հիմա Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի հեշտացնի Տավուշի վրա Ադրբեջանի հետագա հարձակումները։ Նրա գործողությունները ոչ թե կկանխեն, այլ ավելի կմոտեցնեն պատերազմը, որն արդեն ամենաանբարենպաստ պայմաններում կլինի մեզ համար»,- եզրափակեց Չալաբյանը։











