Այն, որ այդ տարածքները Ադրբեջանին զիջելը խնդիրներ առաջացնում է, այդ մասին նշել է նաեւ վարչապետը Ոսկեպարցիների հյետ հանդիպման ժամանակ: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը:
«Այո, խնդիրներ առաջացնում է, բայց մենք գտնում ենք, որ դա պետք է անել: Տավուշից ոչ մի բնակավայր չի հանձնվում: Դրանք Տավուշի մարզում չեն: Տավուշի մարզն ունի 4 խոշորացված համայնք, ոչ մի խոշորացված համայնքի վարչական տարածքների մասին չենք խոսում: Դրանք Տավուշի մարզում չեն: Հայաստանի վարչատարածքային բաժանման օրենքի համաձայն Տավուշի մարզն ունի 4 խոշորացված համայնք, որոնց բնակավայրերի շարքում այդ բնակավայրերը չկան:
Այստեղ խոսքը պատմական տարածքների մասին չէ, այլ այն մասին է, թե Հայաստանն ինչ տարածքով է ճանաչվել ՄԱԿ-ի կողմից, ինչ քարտեզով, քանի քառակուսի կմ-ով»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ այդ զիջումից հետո հայկական հարակից գյուղերը հայտնվում են Ադրբեջանի թիրախում, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Ի՞նչ եք առաջարկում, այն, ինչը մերը չի, ոչ մի օրենքի հիմնավորում չունենք, չզիջե՞նք: Մենք փորձում ենք փոխանակում անել, բայց այստեղ խնդիրներ են դրված, որ սահմանազատման հանձնաժողովի տիրույթում է, այդ հանձնաժողովները ինտենսիվ աշխատում են, փորձում ենք խնդիրը լուծել բանակցությունների միջոցով»:
Անդրադառնալով նրան, որ սահմանին Ադրբեջանն ակտիվացել է, հնչում են կրակոցներ, Վահե Ղալումյանն ասաց. «Տարբեր կարծիքներ են հնչում, այդ թվում նաեւ ապրիլի 5-ին տեղի ունենալիք հանդիպման հետ են կապում: Ես ինքս չեմ կարող ասել, թե ինչ նպատակ ունեն այդ կրակոցները: Այդ հանդիպումը խաղաղության հասնելու հերթական հանգրված է»:
Հարցին՝ արդեն կա՞ այլընտրանքային ճանապարհների նախագիծ, որ տարածքները զիջելուց հետո հնարավոր լինի կապվել հայկական բնկավայրերի հետ, Ղալումյանն արձագանքեց. «Մի քանի հատվածում ճանապարհը պետք է փոխվի, որը կարծում եմ՝ լուծելի խնդիր է: Այս պահին ճանապարհ չի կառուցվում, բայց գիտեմ, որ այդ հարցի շուրջ աշխատանք։ է գնում»:











