Ռուսաստանը խաղաղապահներին պահում է Ղարաբաղում, քանի որ դեռ հնարավոր է համարում նախկին մոդելին վերադարձը, Մոսկվան կարող է փորձել վերակենդանացնել 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Փորձագետը նշել է, որ Ռուսաստանը դրանով իսկ կփորձի իր վերահսկողության տակ վերցնել երկու ճանապարհ (Լաչինի միջանցքը եւ թեկուզեւ մինչ այժմ գոյություն չունեցող Ադրբեջանից Նախիջեւան ճանապարհը- խմբ.) եւ նպաստել հայերի վերադարձին Ղարաբաղ։
Նա նշել է, որ այս ծրագրի իրականացումը կարող է հաջողությամբ չպսակվել։ Կիվիրյանն ավելացրել է, որ Ռուսաստանը խաղաղապահներ է պահում Ղարաբաղում, քանի որ մտադիր է վերադառնալ տարածաշրջան։ Նրա գնահատմամբ՝ 2020թ. տեղի ունեցավ այն մոդելը, որի դեպքում թե՛ գայլերն են կուշտ, թե՛ ոչխարներն՝ անվնաս։
«Ադրբեջանի համար էական էր իններորդ կետը։ Իններորդ կետի ռազմավարական կարեւորությունը Բաքվի համար այն էր, որպեսզի փորձի վերադարձնել Նախիջեւանի վերահսկողությունը, որը վերածվել է Իրանի եւ Թուրքիայի կցորդի։ Բայց Ռուսաստանը դրան գնաց իր շահերից ելնելով՝ մեկ օրում վերադառնալով տարածաշրջան եւ վերցնելով ճանապարհների վերահսկողությունը, որոնցից մեկը Ղարաբաղի հայերին կապում էր Հայաստանի հետ, մյուսը՝ Ադրբեջանի երկու մասերը։ Դա թույլ տվեց Ռուսաստանին վերահսկողություն ստանալ Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ»,- նշել է փորձագետը։
Նա ենթադրում է, որ Մոսկվան գնաց դրան՝ իմանալով Սյունիքի դարպասների կարեւորությունն Արեւմուտքի համար, որը ղարաբաղյան հարցի փակվելուց հետո նախատեսում էր Թուրքիայի եւ Ադրբեջանի ձեռքերով վերցնել այդ ճանապարն իր վերահսկողության տակ։
«Ուստի Ռուսաստանը որոշեց վերցնել այդ ճանապարհը իր վերահսկման տակ։ Դրանից հետո Արեւմուտքը, որը տեսավ, որ Ռուսաստանն էլ ավելի է ուժեղանում, Փաշինյանին դրդեց փլուզել այդ ծրագիրը՝ հրաժարվելով կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության իններորդ կետը։ Ընդ որում՝ Արեւմուտքը Հայաստանին չի առաջարկել անվտանգության մոդել եւ խաղաղություն, ինչի արդյունքում հայերը կորցրին ողջ Ղարաբաղը, չլուծեցին անվտանգության հարցը, իսկ Հայաստանը կանգնած է նոր աղետի առջեւ»,- բացատրել է Կիվիրյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը հիանալի հասկանում է, որ եթե Ռուսաստանին հաջողվի հաղթել Ուկրաինայում, ապա զբաղվելու է Հարավային Կովկասով ե Կենտրոնական Ասիայով, ուսի Բաքվին պետք է, որպեսզի Ռուսաստանը գոնե շատ թուլանա։
«Ընդ որում՝ Ադրբեջանն ինքը տարածքային հավակնություններ ունի Ռուսաստանի հանդեպ Դաղստանի հարավում եւ փորձում է այնտեղ ավելացնել իր ազդեցությունը։ Դերբենդում դա հատկապես նկատելի է։ Սակայն Ռուսաստանը եւ Ադրբեջանը հակամարտության չեն գնում ժամանակից շուտ եւ փորձում են հարցերը լուծել բանակցությունների միջոցով»,- ընդգծել է փորձագետը։
Նա նշել է, որ Ռուսաստանը արտահանում է էներգակիրներ Եվրոպա Ադրբեջանով, ուստի աչք է փակում Ադրբեջանի պահվածքի վրա։ «Սակայն կայսրությունները երբեք նման բաները չեն մոռանում։ Ռուսաստանը գիտի, որ Ադրբեջանը զենք է մատակարարում Ուկրաինա եւ հասկացնում է, որ գիտի այդ մասին։ Բայց Մոսկվան ցավագին է նայում դրան, ռուս զինվորականների մահն այդ զենքից առանց հետեւանքների չի մնա»,- նշել է Կիվիրյանը։











