Այն խնդիրը, որ այսօր կանգնած է տավուշցու առջեւ, դա միայն տավուշցու խնդիր չէ: Այս մասին Ոսկեպարում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Սա համազգային խնդիր է, հայ մարդու խնդիր է, եւ նոր ծանր մարտահրավեր, որ կանգնած է Հայաստանի առջեւ: Տավուշի գյուղերի հարցը նոր թեմա չէ: Նոյեմբերի 9-ի փաստաթղթում է այդ մասին արծարծվել, նաեւ դրանից հետո: Երբ մենք ասում էինք, որ այս իշխանության վարած քաղաքականության արդյունքում շարունակելու ենք հանձնել եւ այս վտանգը մոտենալու է ՀՀ սահմանին, շատերը չէին ընկալում:
Այս մարդը (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին-խմբ) ասում է՝ պետք է գնանք միակողմանի նոր զիջումների, եւ սահմանազատումը պետք է սկսել Տավուշի մարզից: Իրականում ստում է, սա սահմանազատում չէ: Ադրբեջանը հստակ ասում է՝ մինչեւ սահմանազատման աշխատանքների անցնելը նախ էս 4 գյուղը տուր, հետո կխոսենք:
Էս մարդը եկել է Տավուշի գյուղերն ասում է՝ դրանք հայկական տարածքներ չեն, ավերված, քանդված տարածքներ են եւ պետք է տանք, որ պատերազմ չլինի:
Նախ, սրանք մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ են: Եթե իշխանությունը գնա այդ զիջման ճանապարհով, մեր ամբողջ պաշտպանական համակարգը փլվելու է, մեր ռազմավարական ճանապարհները գտնվելու են թշնամու հսկողության տակ: Հայաստան մտնող հիմնական գազատարը լինելու է նրանց հսկողության տակ: Դրանով Ադրբեջանի զինուժը մոտեցնելու ենք հայկական բնակավայրերին:
Իսկ ի՞նչ ենք ստանալու դրա դիմաց: Ինքն ասում է՝ երաշխիք չեմ տալիս, որ լինելու է խաղաղություն»,-ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ վերջին 3 տարիներին այս տրամաբանությամբ բազմաթիվ տարածքներ են հանձնվել թշնամուն, իսկ Արցախը կորսվել է:
«Այսինքն այն թեզը, որ ասում են՝ տանք, լինի խաղաղություն, դրանով պատերազմը մտցնում են մեր տուն: Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն պատերազմի եւ պարտության սիմվոլ են: Նրանք չեն կարող խաղաղության կամ հաղթանակ բերել մեր ժողովրդին: Եթե պատերազմ լինի, այդ պատերազմը բերում է Նիկոլ Փաշինյանը: Երբ ասում է՝ էդ գյուղերը հայկական չեն, դրանով լեգիտիմացնում է Ադրբեջանի ագրեսիան մեր նկատմամբ: Սա է իրականությունը»:











