2020 թվականի պատերազմը հենց այնպես չի սկսվել, այդ պատերազմի համար սանկցիա է տրվել առնվազն Մինսկի խմբի երեք երկրների կողմից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

«Դրա մասին պատերազմից հետո ուղղակի պատմել էր Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Մամեդյարովը: Նա ասել էր, որ հանդիպումներից մեկի ժամանակ համանախագահներից մեկն ասաց՝ եթե փակուղում է հայտնվել բանակցությունները, ապա մի բան արեք, ֆորս մաժոր պետք է լինի, եւ մյուս երկու համանախագահները գլխով արեցին: Այսինքն պատերազմի թույլտվությունը տրվեց: Հիմա էլ Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսել առանց թույլտվության»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է վերջին կրակոցներին, քաղաքագետն ասաց. «Ես վստահ եմ, որ գործող վարչապետը Ադրբեջանին խոստումներ է տվել ինչ-որ տարածքներ զիջել, սակայն վախենում է հանրությունից: Ադրբեջանը այդ կրակոցներով ասում է՝ խոստումդ կատարիր, իսկ դրսի գործընկերներին էլ ասում է՝ ինձ խոստում է տվել, չի կատարել, դրա համար էլ ես կրակում եմ եւ ունեմ դրա իրավունքը: Կրակելու իրավունքը տվել է ՀՀ վարչապետը: Այս տարածքներից հետո նորից բացվելու է միջանցքի հարցը: Ապրիլի 5-ի համատեղ հայտարարություն եւս այդ ճանապարհի մասին խոսքեր կգտնեք, որ այդ ճանապարհը պետք է բացվի»: