ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին Արարատ Միրզոյանի չմասնակցելը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը «հերթական արկածախնդրություն. Է համարում: Այս մասին նա ասաց այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Այս արկածախնդրությունը վաղուց է սկսվել։ Մենք բազմիցս ասել ենք` կարելի է հազար հարցով դժգոհել ՀԱՊԿ-ից, դժգոհել մեր ռազմավարական գործընկերոջ պահվածքից, բայց կատարվում են քայլեր, որոնք նշանակում են վեկտորի  փոփոխություն, նշանակում են Ռուսաստան-միավորված Արևմուտք պատերազմը տեղափոխել Հայաստան։ Սա ամենակործանարար հետևանքը կարող է ունենալ Հայաստանի համար:

Խոսում են, թե սա փոխարինում չէ մեկը մյուսով, դիվերսիֆիկացիա է,  բայց դիվերսիֆիկացիա նշանակում է նաև որոշակի քայլեր կատարել այլ ուղղությամբ: Օրինակ, ի՞նչն է խանգարում գնալ այդ նիստին ու քեզ հուզող հարցերը բարձրացնել: Կարծում եմ` պահանջ է  դրված, որ Հայաստանը պետք է միանա հակառուսական ճակատին, ու այդ խնդիրը «բարեհաջող» իրականացնում է այսօրվա իշխանությունը»,- ասաց Արմեն Ռուստամյանը։