Էդվարդ Ասրյանը որևէ «-մետ» չէ, նա մեր գլխավոր շտաբի պետն է, որն այս պահին զբաղված է մեր բանակի կոնկրետ խնդրի լուծմամբ: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե, «եվրապաշտոնյաները» իրենց խոստումները կատարելու համար պահանջում են ռուսամետ գործիչներին, այդ թվում՝ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին, հեռացնել պաշտոնից:
«Կան լրատվամիջոցներ, որ ասում են՝ կրակոցներ են եղել, ինչո՞ւ չենք տանկերը հանում ու գնում այդ կրակոցների հետեւից: Մենք կհանենք այն ժամանակ, երբ դրա կարիքը կլինի»,-ասաց նա:
Քոչարյանը հիշեցրեց՝ 90-ականներին հայկական բանակաշինությանը մասնակցել է սովետական ռազմական ուսումնական հաստատություններն ավարտած սպայակազմը, ինչի արդյունքում Հայաստանն Ադրբեջանից առաջ էր անցել, ԶՈՒ-ն ավելի կազմակերպված բնույթ ուներ:
«Կառավարման տեսանկյունից ՀՀ ԶՈՒ-ն Ադրբեջանից առաջ անցավ, որովհետև սովետական դպրոցի շատ լեյտենանտներից մինչև գեներալներ՝ 800-ից ավելի սպա, եկան Հայաստան և մասնակից դարձան մեր ՊՆ-ի ստեղծման գործընթացներին, ՊԲ-ի գործընթացներին: Նրանք միայն ազգությամբ հայեր չէին, այլև այլ ազգության բարձրակարգ զինվորականներ, ինչպես գեներալ Զինևիչն է: Նրանք եկան և օգնեցին մեզ, որպեսզի մեր ԶՈՒ-ն օր առաջ կայացած լինի, և դա բերեց 1994-ի հրադադարին»,- ասաց նա:
Անդրանիկ Քոչարյանը նաև հիշեցրեց, որ ներկայիս ԶՈՒ-ում մեծ մասը՝ վերջին հրամանաններով նշանակված և առաջընթաց արձանագրած սպայակազմից շատերը, զինվորական գործունեությունը սկսել են Մոնթե Մելքոնյանից: Բայց կան նաև սովետական դպրոցի ներկայացուցիչներ, ինչպիսին փորձում են ներկայացնել, օրինակ, ներկայիս ԳՇ պետին:
«Այսօրվա մեր բանակում կան և՛ ռուսական դպրոցի զինվորականներ, և՛ արևմտյան դպրոցում կատարելագործում ստացած զինվորականներ, և՛ քաղաքացիական հասարակությունից դեպի բանակ եկածներ»,- ասաց Քոչարյանը:











