Ես ձեզնից խնդրում եմ այդ մանդատը, տվե՛ք մեզ հնարավորություն պայքարելու նրանց դեմ: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, «Միասին» շարժման  ԱԺ շենքի դիմաց  իրականացրած հանրահավաքի ժամանակ ասաց Հրանտ Բագրատյանը:

ՀՀ նախկին վարչապետի խոսքով, Հայաստանը միակ երկիրն է, որը հարևան երկրի «ձայնը կտրեցնելու» համար տարածքներ է տալիս:

«Ասում են Արցախն ենք ուզում, ասում է վերցրե՛ք, ասում են Արցախի ղեկավարությանը պետք է գերի վերցնենք, ասում է՝ համեցե՛ք»,-ասում է Հրանտ Բագրատյանը:

Խոսելով Ալեն Սիմոնյանի կողմից օրերս հրապարակված քարտեզների մասին, Հրանտ Բագրատյանն ասաց, որ վերջինս դա անում է Ալիևի և Փաշինյանի ցուցմունքով: Նրա խոսքով, Ադրբեջանը այդ քայլերի միջոցով  լեգիտիմ հիմքեր է ցանկանում, որպեսզի ուժեղացնի իր դիրքերը Հայասատնի հաջորդ իշխանությունների հանդեպ, և հարկ եղած դեպքում հիշեցնի ներկայիս իշխանությունների խոսքերը: Իսկ հաջորդ իշխանությունը Հայաստանում պիտի ձևավորվի 6-8 ամսում, հակառակ դեպքում Հայաստանը կկորցնի իր անկախությունը:

«Փաշինյանն ասում ա, որ գյուղերը տանք, կարողա պատերազմ չլինի, բայց ես չեմ կարա երաշխավորեմ: Որ չես կարա երաշխավորես, ինչի՞ ես գնում գյուղի ժողովրդին ասում տներներդ վերցրե՛ք, փախե՛ք: Բա դու էսքան տալուց հետո չես հասկանու՞մ, ոի պիտի ասես չէ, պիտի զբաղվես բանակաշինությամբ, երկրի պաշտպանության ամրապնդմամբ»,-ասաց Հրանտ Բագրատյանը: 

Նրա խոսքով, եթե գործը հասել է պատերազմին, հարկավոր է պատերազմել, և Հայաստանն ունի այդ ռեսուրսները: Նա շեշտեց, սակայն, որ մինչ Ադրբեջանը կահավորում է իր խրամատները, Հայաստանը ոչինչ չի անում: Հրանտ Բագրատյանը կոչ արեց քաղաքացիներին հավաքվել, քանի դեռ ուշ չէ, և քանի դեռ ավելի շատ չեն զիջումները և պայքարել իշխանության դեմ:

Հրանտ Բագրատյանը խոսեց նաև իշխանության վարած հակառուսական քաղաքականության և ԵՄ-ի հետ սկսած փոխհարաբերությունների մասին:

«Մենք ապերախտ ենք, լավությունը մոռացող: Մենք կծում ենք էն ձեռքը, որը մեզ հաց ա տալիս: ԵՄ-ից ստացած գումարը Ռուսաստանի  տված գումարի 1 տոկոսն է»,-պարզաբանեց նա: