Սահմանազատումը և սահմանագծումը սկսելը ու դա անելը հիմնավորված իրավական փաստաթղթերի վրա, բխում է ՀՀ-ի շահերից: Իսկ էն, որ հնարավոր ռազմական էսկալացիայի ռիսկերը կառավարելու ուղղությամբ ՀՀ-ի Կառավարությունն ու իշխանությունը իրականացնում են քայլեր, լրացուցիչ  մեկնաբանության կարիք չունի: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ հերթական նիստից հետո ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը:

«Իսկ արդյո՞ք մենք տեսնում ենք Ադրբեջանի պատրաստակամությունը առհասարակ էդ պրոցեսը սկսելու, Ադրբեջանը ուզու՞մ է էդ պրոցեսը սկսել թե՞ չէ: Էդ հարցը ինձ տանջում ա , ես չունեմ դրա պատասխանը: Ադրբեջանի ցանկությունը էսկալացիայի հասնելն է: Իսկ մեր խնդիրը դա թույլ չտալն է: Շատ լավ կլինի, եթե Ադրբեջանը հենց այսօր հայտարարի, որ ունի այդ պատրաստակամությունը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա: Դա փայլուն կլինի»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Խոսելով «Հայաստան» դաշինքի հայտարարությունների մասին, թե ինչու՞ Հայաստանում չի կարող գործել վտարանդի կառավարություն, Վահագն Ալեքսանյանն ասաց, որ տեսականորեն, վտարանդի կառավարություն չի կարող լինել այն կառավարությունը, որը ստորագրել է իր պետությունը լուծարելու մասին հրամանագիրը:

«Պատմության մեջ եղել են դեպքեր,երբ իշխանությունը կամ միապետը փախել ա տարածքից, ոչինչ չի ստորագրել, ասել ա ես հիմա վտարանդի կառավարություն եմ x վայրում: Բայց կոնկրետ էնպիսի դեպք, որ ինքը ստորագրած լինի իր պետության լուծարումը, հետո ասի ես դրա վտարանդի կառավարությունն եմ, նման դեպք երբեք չի եղել: Իսկ ինչ վերաբերում ա բուն քաղաքական հարցին, դա աբսուրդ ա, ՀՀ-ում 2-րդ Կառավարություն չի կարող լինել»,-հավելեց Վահագն Ալեքսանյանը: