Բացարձակապես սուտ է, հերյուրանք եւ զրպարտանք է, որ ՀՀ Տավուշի մարզի թեկուզ մեկ միլիմետր տարածք վիճարկման ներքո է, այդպիսի բան լինել չի կարող: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դա քաղաքական դիվիդենտներ հավաքելու նպատակով որոշ ապապետական ուժերի կողմից վճարովի ձեւով տարածվող սուտ է»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե մի քանի կիլոմետր է հեռու հայկական բնակավայրից մինչև այն տարածք, որտեղ կանգնելու են ադրբեջանցիները և արդյոք դա սպառնալիք չէ ներկայացնում, Փաշինյանը ասաց․ «Կապանում սահմանը մի քանի մետրի վրա է գտնվում, մենք խոսում ենք անվտանգության մասին, բա մի քանի մետրի վրա եղել են և կան Այգեհովիտ, Բերքաբեր, Այգեպար գյուղերը: Տավուշի մարզն ամբողջը մի քանի մետր է, 30 տարի ո՞նց է մի քանի մետրի վրա եղել: Մենք խոսում ենք անվտանգության համակարգ կառուցելու մասին, պետական սահման ստեղծելու մասին»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով մինչև չհամաձայնեցվեն, թե ո՞ր քարտեզով են առաջնորդվելու կողմերը, ոչ մի գործընթաց սկսել չի կարող. «Մինչեւ մենք քարտեզը չհամաձայնեցնենք, պրոցես չի կարող տեղի ունենալ: Մինչեւ համաձայնություն չլինի, թե այս հատվածում ոնց ենք իրականացնում սահմանազատում, պրոցես չի կարող տեղի ունենալ»:
Հարցին՝ ի՞նչ սկզբունքով է այդ 4 գյուղերը համարում ադրբեջանական, երբ չկա սեղանին դրված համաձայնեցված քարտեզ, վարչապետը պատասխանեց. «Կա Ալմա-Աթայի հռչակագիր, որով Հայսկական ԽՍՀ-ն դարձել է Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ-ն՝ Ադրբեջանի Հանրապետություն:
Խորհրդային Հայաստանի ու Հայաստանի տարածքում երբեք Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար անունով գյուղեր չեն եղել։ ՀՀ տարածքում եղել է ու կլինի Ոսկեպար անունով ու Բաղանիս անունով գյուղ: Էդ որ ուրիշներն ասում են, դուք էլ կրկնում եք, դուք գիտե՞ք Լոռին որտեղ ա, Տավուշը որտեղ ա: Վերջին անգամ երբ եք եղել Բերքաբերում, որ լավ գիտեք»,- ասաց Փաշինյանը։











