Երեւանի Տերյան-62 շենքի բակում այսօր` նոյեմբերի 14-ին, ծառահատման դեպք չի եղել, շինարարական աշխատանքներ եւս չեն ծավալվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը` հավելելով, որ ահազանգից անմիջապես հետո քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկման վարչություններին, ինչպես նաեւ Կենտրոն վարչական շրջանի համապատասխան կառույցին, հանձնարարվել է տեղում ծանոթանալ իրավիճակին:
«Մասնագետները ժամանել են տեղ եւ ճշտել են, որ այնտեղ որեւէ նման դեպք չկա, ծառահատման մասին խոսք լինել չի կարող, առավել եւս` շինարարական որեւէ աշխատանք: Այդ տարածքի համար քաաքապետարանի կողմից քաղաքաշինական որեւէ փաստաթուղթ կամ այլ նմանատիպ որոշում չկա, գոյություն չունի»,- ասաց Արթուր Գեւորգյանը: Նրա խոսքով` իրականում այդտեղ բջջային օպերատորներից մեկը` «Բիլայնը» հորատման աշխատանքներ է փորձել կատարել առանց որեւէ թույլտվության, բայց դա շինանարության եւ ծառ կտրելու հետ կապ չունի: «Պարզել են, որ օպերատորը փորձել է ինչ-որ մալուխ անցկացնել առանց համապատասխան փաստաթղթերի, դրա համար կասեցվել է այդ աշխատանքը մինչեւ կներկայացնեն համապատասխան փաստաթղթեր, բայց դա որեւէ ծառի հետ առնչություն չունի»,- նշեց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Տերյան-62 շենքի բնակիչներն, նոյեմբերի 14-ին, ահազանգել են NEWS.am-ի խմբագրություն եւ հայտնել, որ իրենց բակում ծառեր են կտրում, բների վրա ծծմբական թթու են լցրել, փոս են փորել: Բնակիչներից մեկը NEWS.am-ին պատմել է, որ ինչ-որ մարդիկ էին եկել իբր «Կենտրոն» կանաչապատումից, մի հատ էլ տարեց մարդու էին բերել` տարածքը մաքրելու համար: Բայց, բնակիչների խոսքով, մաքրելու փոխարեն սկսել են փորել, իսկ երբ հարեւանները աղմուկ են բարձրացրել, «կանաչապատողները» հեռացել են: Բակը մաքրող կանանցից մեկն էլ պատմել է, որ ծառերը կտրվել են 20 օր առաջ, ինքը եկել է եւ տեսել, որ կտրված ծառերը ընկել են, բայց չի տեսել, թե ովքեր են կտրել, եւ թե այսօր ով է փորել տարածքը:











